ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նորանշանակ ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ըստ էության, աշխատելու է իր քաղաքական կնքահայր, ՀՀ ներկայիս վարչապետ Հովիկ Աբրահամյանի ենթակայության տակ:

Տասնյակ բնակարաններ ունի

Նախորդ համարում ներկայացրել էինք ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Հովսեփյանի անցյալը: Այժմ ներկայացնում ենք նրա ունեցվածքը, որի մասին առավել հայտնի է: Իսկ թե էլ ինչեր ունի նա, որ թաքցնում է հանրությունից, դեռ կհասցնենք ճշտել: Եւ այսպես՝ մայրաքաղաքի Արամի 72-80 հասցեների նորակառույցների «ոդիսականին» մամուլը բազմիցս է անդրադարձել: Նախ նկատենք, որ նրա բարեկամները «բնակարանային էպոպեայի» հիմնական գործող անձերն են, երբեմն էլ՝ պարզապես անուններ, որոնց թիկունքում թաքնվում է «բնակարանային նորելուկ մագնատ» Հ. Հովսեփյանը:
Նրա բարեկամներից Գոռ Հակոբյանն ու Վահագն Ատոմյանն այս շենքերում ունեն 1-ական բնակարան ու ավտոտնակ, Ռոբերտ Մանուկյանը՝ 2-ական բնակարան ու ավտոտնակ, Պողոս Մկրտչյանն ու Ջուլիետա Ջոկլինյանը՝ 3-ական բնակարան ու ավտոտնակ: Ոմանք ասում են, թե այս անունները պայմանական են, որովհետեւ Հովսեփյանի բարեկամներն ընդամենը ձեւական են բնակարանատերեր, նրանց անուններով ձեւակերպվել է սեփականություն, որը հետագայում կարող է «անվանափոխվել»՝ նայած թե որը երբ կվաճառվի… Փոքր-ինչ հեռավոր բարեկամներից հետո «գալիս» են արյունակիցները: Հովսեփյանի քույրը՝ Ջեննի Հովսեփյանը, ունի 3 բնակարան եւ նույնքան ավտոտնակ: Վերջինիս ամուսնու՝ ՀՀ գլխավոր դատաբժիշկ Մհեր Բիշարյանի անունով գրանցված են 2-ական բնակարան եւ ավտոտնակ, Հովսեփյանի քրոջ սկեսուրը՝ Կուկլա Համբարձումյանը, ունի 2-ական բնակարան ու ավտոտնակ: Հովսեփյանի կնոջ՝ Էվելինա Միրզաբեկյանի անունով գրանցված են 3-ական բնակարան ու ավտոտնակ, իսկ Հովսեփյանի քենի Գայանե Միրզաբեկյանն ունի 2 բնակարան եւ 2 ավտոտնակ: Անձամբ Հովհաննես Հովսեփյանն իր անունով ունի 2 բնակարան, 3 ավտոտնակ եւ 1 բիզնես տարածք: Տեսնում եք, թե ինչքան բարեկամասեր է Հ. Հովսեփյանը, որ զոքանչի, քենու, քենակալի անուններով բնակարաններ է ձեռք բերել ու «նվիրել» նրանց: Ուրեմն նա նաեւ մեր հանրապետության ոչ միայն ամենահարուստ, այլեւ ամենազոքանչասեր մարդկանցից մեկն է:

Թանկարժեք ավտոմեքենաները

Զբաղեցնելով պետական բարձր պաշտոն՝ Հովսեփյանը, թվում էր, այլ եկամուտներ չպետք է ունենար՝ բացի իր աշխատավարձից, բայց նա միայն պաշտոնապես հայտարարագրել է՝ 2015-ին վաճառել է դեռեւս տարվա սկզբում ունեցած Mercedes -Benz եւ S 500 Range Rover 5.0 մակնիշի մեքենաները` դրանց համար ստանալով 150 հազար եւ 100 հազար դոլար համապատասխանաբար: Սակայն դրանց դիմաց նա ձեռք է բերել կրկին Range Rover 5.0 մակնիշի մեքենա` արդեն 120 հազար դոլարով: Հովսեփյանը նաեւ 2 մլն դոլարի փոխառություն ունի, իսկ ձեռք բերված թանկարժեք նկարներից ամեն մեկի համար էլ վճարել է 5 հազար դոլար:

190 հազար դոլարանոց նվեր

Տեղեկացնենք, որ ըստ պաշտոնական փաստաթղթի՝ Հովսեփյանը մեկ տարվա ընթացքում վաստակել է 18 մլն 768 հազար դրամ, որոնք հիմնականում գոյացել են աշխատանքի վարձատրությունից` 9 մլն դրամ, վարձակալության դիմաց ստացված վճարից կրկին նույնքան գումար: Մյուս գումարներն էլ գոյացել են նվիրատվությունից եւ գույքը օտարելուց ստացված եկամուտից: Հովսեփյանը պաշտոնապես տեղեկացրել է, որ 90 եւ 100 հազար դոլարանոց նվեր է ստացել: Թե ում կողմից, չի մանրամասնել: Թերեւս դժվար չէ պատկերացնել, թե ում է առնչվել վերահսկողական ծառայության ղեկավարը, եւ ինչը թաքցնելու դիմաց է այդքան «ճոխ» նվեր ստացել:
Հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանի ջանքերով ձեւավորված բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը Հ. Հովսեփյանին գոնե մի անգամ չի՞ հարցրել, թե նա ինչպես է հաջողացրել այդքան փող դիզել, այդքան թվով բնակարանների տեր դառնալ…

Հարուստ ու «փախած» եղբայրը

Նշենք, որ Հովիկ Հովսեփյանը մի եղբայր ունի, որը վերջերս խարդախության մեջ մեղադրվեց ու նույնիսկ փախուստի մեջ էր: Ժամանակներ առաջ հանրային քննարկման նյութ դարձավ Հովսեփյանի եղբոր` Հակոբ Հովսեփյանի մի մեքենայությունը, որը կազմակերպվել եւ քաջալերվել էր հենց Հովիկ եղբոր կողմից: Ինչպես գիտենք՝ ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը 12 մլն դոլարով ձեռք էր բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը «Միդլենդ Ռեսուրսեզ» ընկերության անունով, «Միդլենդ Ռեսուրսեզ»-ի թիկունքին կանգնած է օլիգարխ պատգամավոր Հարություն Փամբուկյանը: Խանդավառված իրենց գործարքով՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Հարություն Փամբուկյանը մոտ 400 մլն դոլարով վաճառեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը` ստանալով ահռելի եկամուտ, որը կիսվեց երկուսի միջեւ: «Էլեկտրական ցանցեր»-ի վաճառքից հետո Հովիկ Հովսեփյանի «քավորությամբ» Հակոբ Հովսեփյանը համոզում է Հարություն Փամբուկյանին Մոսկվա քաղաքում գնել մի հսկայածավալ առեւտրային կենտրոն: Հակոբ Հովսեփյանը ներկայանում է որպես այդ կենտրոնի սեփականատերերից մեկը, խաբում է հայ օլիգարխին եւ տեր դառնում ահռելի ֆինանսական միջոցների: Ըստ էության, Հակոբ Հովսեփյանը ոչ թե սեփականատեր էր, այլ միջնորդ, նա խաբեությամբ դարձել է Հարություն Փամբուկյանի ունեցվածքի համասեփականատերն ու տիրացել կենտրոնի 50 տոկոս ունեցվածքին: Այս գործարքի արդյունքում Հակոբ Հովսեփյանը յուրաքանչյուր ամիս մոտ 400 հազար դոլարի եկամուտ է ստացել:
Հավելենք, որ Հովիկ Հովսեփյանը խնջույքների մեծ սիրահար է, ինչպես ասում են՝ քեֆչի, ուտող-խմող մարդ: Թե ինչպես է ՊԵԿ-ի ծանր աշխատանքը համատեղելու այդ ավանդույթների հետ, դժվար է պատկերացնել: Ամեն դեպքում, հետաքրքիր զարգացումներն առջեւում են: Քանի որ մարդը, որ լինելով պետական պաշտոնյա, տարիների ընթացքում այսքան հղփացել ու հարստացել է, դժվար չէ պատկերացնել, թե ինչերի է ընդունակ՝ ստանձնելով երկրի թիվ մեկ ֆինանսական կառույցի ղեկավարումը:
Շարունակելի

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 
ՕԿՈԵՎԸ ՎՐԴՈՎՎԵՑ
Երեկ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ կազմակերպվել էր «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ. ազգային ծրագրի եւ դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը» թեմայով հանրային քննարկում: Միջոցառմանը ներկա էին մի շարք բժշկական հաստատությունների ղեկավարներ, որոնք անդրադարձան բժշկության ոլորտում առկա խնդիրներին:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գնահատմամբ՝ մահացության եւ ծնելիության ցուցանիշները բնութագրում են յուրաքանչյուր երկրի ժողովրդագրական իրավիճակը. «Ժողովրդագրական ցուցանիշների շարքում մեզ համար մտահոգիչ է մնում ծնելիությունը, որը վերջին տարին մեր երկրում նվազել է»:
Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ ծննդկանների մահացության դեպքերին: Եւ «Ժողովուրդ»-ը ՀՀ առողջապահության ոլորտում առկա խնդիրների, բժիշկների պատասխանատվության ենթարկելու եւ հատկապես 2015 թվականին «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում սեպտեմբերին մահացած Կարինե Ավետիսյանի դեպքի մասին փորձեց զրուցել հիվանդանոցի տնօրեն Գրիգորի Օկոեւի հետ: Սակայն վերջինս լսելով հարցը՝ խիստ վրդովվեց եւ նշեց, որ այսօրվա թեմայի շրջանակներում իրեն հարց ուղղենք: Մենք բացատրեցինք, որ թեմայի շրջանակներում է, եւ մենք խոսում ենք բժիշկների թերացումների, պատասխանատվության մասին, Օկոեւը հրաժարվեց պատասխանել:
Ավելի ուշ նկատեցինք, որ մեր հարցը այնքան էր զայրացրել նրան, որ այն քննարկում էր իր կոլեգաների հետ:
Ի դեպ, նկատենք, որ միջոցառմանը ներկա էին մի շարք բժշկական կենտրոնների տնօրեններ, սակայն «Շենգավիթ» բժշկական կենտրոնից որեւէ ներկայացուցիչ չկար:
Փորձեցինք «Շենգավիթ» բժշկական կենտրոնից պարզել, թե ինչու ներկա չէին քննարկմանը, մեզ հայտնեցին, որ իրենց չեն հրավիրել, իսկ թե ինչու, չգիտեն: Թերեւս աղմկալի դեպքերն են խանգարել, որ այդ կենտրոնը եւս հրավիրվի:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՃ
Մարտի 3-ին եւ լույս 4-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ՊՆ փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1800 կրակոց: Բացի այդ՝ շփման գծի արեւելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (3 արկ):

 

 
ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԿԴԱՏԵ՞Ն
Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող «Նոր Հայաստան» շարժման անդամ Գեւորգ Սաֆարյանը շուտով կարող է կանգնել դատարանի առաջ։ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Ազատության»-ը փոխանցել է, որ նախաքննությունն ավարտվել է, եւ գործն ուղարկվել է գլխավոր դատախազություն՝ ընթացքը լուծելու համար: Նշենք, որ երեկ վերաքննիչ դատարանը հետաձգել է Գեւորգ Սաֆարյանին կալանքից ազատելու՝ փաստաբանի դիմումի քննությունը՝ Սաֆարյանի ներկայությունն ապահովելու համար։

 

 

ԱՆԵՐՈՋ ՆՎԵՐԸ
ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը ներկայացրել է իր ունեցվածքի եւ գույքի մասին տարեկան հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ մեկ տարվա ընթացքում Կուտոյանն աշխատանքի վարձատրությունների շնորհիվ վաստակել է 2 մլն դրամից ավել գումար: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 1 մլն դրամ: ԱԱԾ նորանշանակ տնօրենն ունի նաեւ MERCEDES-BENZ E 320 4 MATIC մակնիշի ավտոմեքենա եւ բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում: Կուտոյանի կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի հայտարարագրում էլ նշված է, որ նախորդ տարի նրան պատկանող գույքն ավելացել է 48 միլիոն դրամ արժողությամբ բնակարանով: Բիշարյանն այդ բնակարանը նվեր է ստացել իր հորից` Թաթուլ Բիշարյանից: Նշենք, որ Գեորգի Կուտոյանի կնոջ դրամական միջոցները կազմում են 4 մլն դրամ:




Լրահոս