ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ՀՀ կառավարությունում

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ինչ-որ խրատներ է տալիս իր կրտսեր գործընկեր Արծվիկ Մինասյանին: Բայց պարոն Մինասյանը թերեւս ճիշտ կանի, չլսի Գրիգորյանի խորհուրդները, քանի որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն առանց այդ էլ տխուր վիճակում է, եթե հասնի բնապահպանության ոլորտին, ազգովի կկորենք: Բայց, ամեն դեպքում, դաշնակցության խմբակցության նախկին պատգամավոր Գրիգորյանի մատն այնքան էլ սիրուն չի ստացվել այս դիրքով:

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ տեղեկացնել, թե ո՞վ իրավունք ունի եռամսյակային հրատապ օգնություն ստանալ: Եվ կցանկանայի իմանալ, թե միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ի՞նչ պետք է անել:

Գայանե Կիրակոսյան (57 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից ցածր եւ «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար:
Տեղեկացնում ենք, որ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ հրատապ օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին՝ երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին` ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
Ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ հրատապ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք եւ դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պաշտոնական թվերի համաձայն՝ 2014թ. տարեվերջի դրությամբ ընտանեկան եւ սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 105.176, որի 75.7%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Հրատապ օգնություն ստացող ընտանիքների քանակը կազմել է 25.180: Մինչեւ 2 տարեկան երեխաների թվաքանակը, որոնց համար նշանակվել է նպաստ, տարեվերջի դրությամբ կազմել է 12.814 մարդ, վճարված գումարը տարվա ընթացքում՝ 3 071.8 մլն. դրամ, նշանակված ամսական նպաստի չափը՝ 18.000 դրամ:

 

 
ՀԱՐՑ. Եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ստացել է այլ երկրի քաղաքացիություն եւ համապատասխան մարմին դիմում չի ներկայացրել այդ մասին, ապա նա քրեական պատասխանատվության ենթարկվո՞ւմ է: Եթե այո, ապա ինչպիսի՞:

Երանուհի Հայրապետյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե. Հայրապետյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը Հայաստանի Հանրապետության այն քաղաքացու կողմից, որը հավակնում է այնպիսի պաշտոն զբաղեցնել, որը զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաեւ այն պաշտոնատար անձի կողմից, որն օրենքի համաձայն չէր կարող լինել նաեւ այլ պետության քաղաքացի, պատժվում է ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով՝ զրկվելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ մեկամսյա ժամկետում անձամբ կամ փոստով հայտնել ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանում:




Լրահոս