Ստամբուլում գաղտնի փաստաթուղթ է բացահայտվել Դինքին դեռևս 1990­-ականներից թիրախավորելու մասին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության թղթածրար մտած փաստաթղթերը հետաքրքիր մանրամասներ են բացահայտում իրականացված ոճրի կողքին պետության, մասնավորապես ոստիկանության և հետախուզության գործողությունների վերաբերյալ: Գործի քննության շրջանակում հայտնաբերվել է մի փաստաթուղթ, որով պարզվել է, թե ինչու Դինքին երկար տարիներ անձնագիր չի տրամադրվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Դինքը շուրջ 25 տարի դիմել է Ստամբուլի անվտանգության վարչությանն անձնագիր ստանալու նպատակով, սակայն նրա դիմումները մշտապես հետ են ուղարկվել: Լրագրողի սպանության քննության շրջանակում գտնվել է 1997 թվականով թվագրվող մի փաստաթուղթ, որն ունի «գաղտնի» պիտակավորումը: Փաստաթղթում, Դինքից բացի, հիշատակում կա նաև այն ժամանակվա Պոլսո պարիարքի փոխանորդ, ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մասին: «Ֆըրաթ Դինք անունով անձը հայանպաստ գործունեություն ծավալելու պատճառով մեր թիրախների շարքում է, նա Ստամբուլում հրապարակվող և հայերի կողմից լույս ընծայվող «Ակոս» պարբերականի գլխավոր խմբագիրն է և մերձավոր կապի մեջ է Հայոց պատրիարքարանի աշխատակից, հայկական ազգայնական հակումներով հայտնի պատրիարքական փոխանորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հետ»,­ գրված է 1997 թվականի փաստաթղթում:

Այս փաստաթուղթը դատարանը պահանջել է Դինքի գործով նախկին պաշտոնյաների մեղսակցության քննության շրջանակում: Բացի այդ, հայտնաբերվել է ևս մեկ փաստաթուղթ, որով հայտնի է դառնում, որ պետությունը հետաքրքրված է եղել Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի և հանցագործության պատվիրատու Յասին Հայալի ազգային պատկանելությամբ: Անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի կողմից ուղարկված բացատրության մեջ նշվել է, որ Գյումուշհանե քաղաքի Դեմիրօրեն գյուղի բնակիչ Բահաթթին Հուրիի որդու՝ 1981 թվականին Տրապիզոնում ծնված Յասին Հայալի ինքնությունն ուսումնասիրվել է մինչև 1904 թվականը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրա ընտանիքի անդամների շարքում չկան կրոնափոխության դեպքեր կամ ոչ մուսուլմանական դավանանք ունեցող անդամներ: Նույն բացահայտումն արվել է նաև Օգյուն Սամասթի առնչությամբ:

Безымянный




Լրահոս