«Նաիրիտ-2»-ի գույքը վաճառվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ այս տարվա մարտի 18-ից տեղի կունենա «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող լոտերի բաց աճուրդը: Տեղեկացնենք, որ ընկերության կառավարման լիազորությունը վերապահված է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը:

Այսպես՝ ընկերությունը աճուրդի է հանել քիմիկատների պահեստ՝ առանց ավտոտնակների: Իսկ լոտի մեկնարկային գինը կազմում է 35 մլն դրամ: Բացի այս՝ աճուրդի է հանվել նաեւ օժանդակ շինություն, որի մեջ ներառված են ավտոտնակներ, իսկ դրանց մեկնարկային գինը 32 մլն դրամ է: Ընկերության գույքի աճուրդը կավարտվի այս տարվա հունիս 1-ին: Ի դեպ, լոտերը տվյալ պահին հանձնված են վարձակալությամբ: Իսկ հողամասերի կադաստրային արժեքները ենթակա են վճարման եւ ներառված են գների մեջ: Հնարավոր է նաեւ լոտերի գնման գնի տարաժամկետ վճարում:

Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը 2014 թվականի հուլիսի 24-ին կառավարությանը ներկայացրեց «Հայգազարդի» պարտքի դիմաց «Որոտանի» ՀԷԿ-ինˋ «Նաիրիտ» գործարանի եւ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը հանձնելու վերաբերյալ օրենքի նախագիծը, ըստ որի՝ «Հայգազարդ»-ի պարտքերն ու պարտավորությունները մարվել են «Նաիրիտ-2»-ի 46.73 տոկոս բաժնեմասը կառավարությանը փոխանցելու եղանակով:

Նշենք, որ «Հայգազարդ» ընկերությունը ստեղծվել է դեռեւս 1998 թվականին 11 պետական փակ բաժնետիրական ընկերությունների միացմամբ: Գազի համակարգի իրական ակտիվները ներդրվել են նոր ստեղծվող «ՀայՌուսգազարդ» ընկերության կանոնադրական կապիտալում, իսկ չհավաքված դեբիտորական եւ եղած կրեդիտորական պարտքերը փոխանցվել են «Հայգազարդ»-ի հաշվեկշիռ:

«Որոտանի ՀԷԿՀ» ընկերության հանդեպ ընկերության պարտավորությունների մի մասը մարվել է «Նաիրիտ-2» ընկերության 53.27 տոկոս բաժնեմասը սեփականության իրավունքով փոխանցելու եղանակով: «Նաիրիտ-2»-ի բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը, որն էլ, փաստորեն, այն վաճառում է:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս