Կառավարության առաջիկա նիստում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կներկայացնի նոր օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել եւ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված` հուլիսի 5-ը, որպես Սահմանադրության օր նշելուց բացի, նշել նաեւ որպես պետական խորհրդանիշների օր: Ինչ խոսք, խիստ կարեւոր նախաձեռնություն է: Հենց դա է այսօրվա մշակութային ամենահրատապ խնդիրը, որը կարգավորելու համար մշակույթի նախարարությունը պետք է անհապաղ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գար: «ՀՀ պետական խորհրդանշանների օրը պետական տոն ընդունելը ենթադրում է պետականամետ աշխարհայացք ունեցող քաղաքացու դաստիարակություն, որը կդրսեւորվի հայրենիքի, հասարակության բարօրությանն ուղղված պատասխանատվության զգացումով, ինչպես նաեւ պետությանը գիտակցված ծառայելու պատրաստակամությամբ»,-ասված է նախագծին կից հիմնավորման մեջ: Փաստորեն, ըստ Հասմիկ Պողոսյանի՝ մեր երկրում պետականամետ քաղաքացի դաստիարակելու համար առաջնահերթ պակասողը համապատասխան տոնի բացակայությունն է: Կլինի այդ տոնը` ամեն բան կկարգավորվի, եւ պետականամետ աշխարհայացք ունեցող քաղաքացիների դաստիարակության հարցն արդեն կարելի է լուծված համարել: Իսկ այնպիսի մանրուքներ, ինչպիսին այդ նույն պետության պաշտոնյաների կողմից դրսեւորվող կամայականություններն են, անպատժելիությունը, պետական շահերի հրապարակավ կամ թաքուն անտեսումը, քաղաքացու իրավունքների ամենօրյա ոտնահարումը, պարզապես հակապետական հեռուստաեթերն ու մշակութային քաղաքականությունը, էական չեն: «Պետության քաղաքացիների վերաբերմունքը դեպի խորհրդանշանները ցուցիչն է այն բանի, թե որքանով են նրանք իրենց համարում այդ երկրի քաղաքացիներ եւ հավատում նրա ապագային: Այս պարագայում կարեւորվում է պետական խորհրդանիշների հանրահռչակումը, որի կարեւորագույն բաղադրիչներից է տոնի պետականորեն նշումը»,-օրենքի կարեւորության փաստարկներն է շարունակում ներկայացնել մշակույթի նախարարությունը: Այս վերջինի հետ կապված, բարեբախտաբար, հատկապես վերջին տարիներին ահագին բան է փոխվել, եւ փառք Աստծո, մեր քաղաքացիները չեն մնացել Հասմիկ Պողոսյանի պատկերացումների հույսին: Նրանք իրենց վերաբերմունքը պետության խորհրդանիշների նկատմամբ արտահայտում են բավականին ակտիվ եւ առանց ավելորդ տոների: Իսկ այդ նույն Հասմիկ Պողոսյանը պետության խորհրդանիշներից մեկը` ՀՀ օրհներգը փոխելու սահմանադրական պահանջը արդեն որերորդ տարին շարունակ արհամարհում է:
Միակ խելոք բանը, որն արել են այս նախագծի հեղինակները, այն է, որ իբրեւ ՀՀ պետական խորհրդանիշների օր ընտրել են հուլիսի 5-ը` ՀՀ Սահմանադրության օրը: Տարվա մեջ մեկ չկայացած տոնական օրը, կարծում ենք, բավական է մեզ:
ԽՈՐՀՐԴԱՆՇԱՍԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ