Երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե «օֆշորային գործով» Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունն Աղվան Հովսեփյանն առձեռն փոխանցել է Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին. «Նախաքննական մարմինը արդեն երկու անգամ օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդություն է ուղարկել Կիպրոս, եւ հաշվի առնելով, որ Կիպրոսի գլխավոր դատախազն այս օրերին գտնվում է Հայաստանում, եւ ստորագրվեց նաեւ համագործակցության հուշագիր, Հայաստանի գլխավոր դատախազը նաեւ առձեռն է փոխանցել այդ միջնորդությունը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում օգնել, նպաստել բարձրացված հարցադրումների պատասխանները ստանալուն: Գրավոր վերջին՝ երկրորդ միջնորդությունը գլխավոր դատախազությունն ուղարկել է 2013թ. հունիսի 19-ին: Մինչեւ այդ՝ 2012թ. սեպտեմբերին, Կիպրոսի համապատասխան մարմիններին միջնորդություն էր ուղարկել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչությունը»: Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց ուղղեց քաղաքական գործիչներին:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
-Պարո՛ն Մինասյան, «օֆշորային գործով» ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը Ա. Հովսեփյանն առձեռն փոխանցել է Կիպրոսի գլխավոր դատախազին: Դուք ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ հանգուցալուծում է ունենալու այս գործը:
-Ի՞նչ գործընթացի մասին է խոսքը, ի՞նչ հանգուցալուծում պետք է ունենա, եթե գործը ՀՀ գլխավոր դատախազության վարույթում է գտնվում:
-Բայց Կիպրոսի դատախազը խոստացել է…
-Բայց ո՞ւմ է խոստացել, որ կասի… խոստացել է Հայաստանի դատախազությանը, չէ՞, գործը դատախազության վարույթում է, ու պատասխանատուն ՀՀ դատախազությունն է:
-Ձեր կարծիքով՝ Ա. Հովսեփյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի իմացությա՞մբ է գործի փաստաթղթերը փոխանցել Կիպրոսի դատախազին:
-Մենք ունենք խնդիր իրավական վարույթի առումով, որ դատախազությունը պետք է շարժվի օրենքով եւ վարույթը ճիշտ ուղղությամբ տանի: Ի՞նչ կարեւոր է` վարչապետն այս ամենից տեղյակ է, թե ոչ: Ես այդ հարցն ընդհանրապես չեմ կարեւորում:
-Բայց գործը վերաբերում է ՀՀ վարչապետին…
-Ի՞նչ կապ ունի, եթե մեղադրանքներ ներկայացնելու խնդիր առաջանա, այդ ժամանակ վարչապետը, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, իրավունք ունի ներգրավվելու, ծանոթանալու գործին ու մնացած հարցերին: Բայց թողնենք թող ամեն ինչ պարզվի, վարույթը գնա, նոր գնահատականներ տանք: Ես այժմ խուսափում եմ որեւէ գնահատական հնչեցնելուց: Չեմ կարող ասել` արդյոք համաձայնություն կա վարչապետի ու դատախազի միջեւ: Այդ ամենի պատասխանը պետք է տա գլխավոր դատախազությունը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ
-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ գլխավոր դատախազն «օֆշորային գործով» միջնորդությունը հանձնել է Կիպրոսի գլխավոր դատախազին: Ըստ Ձեզ՝ ի վերջո, ի՞նչ ընթացք է ունենալու այս գործը, Դուք ինչպիսի՞ հանգուցալուծում եք պատկերացնում:
-Ես վաղուց իրենց տրամաբանությանը չեմ կարողանում հետեւել: Իրենք «արտատրամաբանական» տրամաբանություն ունեն (ծիծաղում է-Ս.Գ.): Չգիտեմ, անկեղծ՝ չեմ կարող ասել:
-Ի՞նչ եք կարծում, ՀՀ վարչապետին «զոհաբերելո՞ւ» են:
-Ես այս մեկում վստահ եմ. իրենք բոլոր իրական կոմպրոմատները կհավաքեն եւ կօգտագործեն այն ժամանակ, երբ պետք կլինի: Տվյալ դեպքում կոմպրոմատը պրոբլեմը չէ, կոմպրոմատը բոլորի վրա էլ կա:
-Տ. Սարգսյանը երկրորդ անգամ դիմեց դատախազություն` օֆշորային գործի հետ կապված…
-Չեմ կարող ասել, թե ինչն է պատճառը, ինչու է նման բան արել: Մի բան հստակ է, որ այս ամենի հանգուցալուծումն այսպիսին է. Սերժ Սարգսյանի կամքը ոնց տա, այդպես էլ կանի: Պետք կլինի` հիմա Տ. Սարգսյանը խելոք կաշխատի, պետք չի լինի, ցանկացած պահի նրան հանելու հնարավորությունը կա: Ավտորիտար ռեժիմի իմաստը հենց դա է՝ մեկ հոգին որոշում է մնացածների ճակատագիրը: Ի՞նչ դատարան, ի՞նչ դատախազություն, ի՞նչ արդարադատության նախարարություն: Ամբողջ սցենարը կատարվել է հենց դրա համար: Իշխան Զաքարյանին հանձնարարություն են տվել հենց դրա համար: Հավաքել փաստեր, հավաքել գործեր, բայց այդ գործերով գործ բացելու որոշման իրավունքը Ս. Սարգսյանի ձեռքին է: Սա քաղաքական գործընթաց է, իրենց գործընթացն է՝ համակարգը վերահսկելու համար: Գողական համակարգ է, մեկը որոշում է մյուսների ճակատագիրը: Եվ սխալվում են նրանք, ովքեր արդարադատություն կամ ռեֆորմներ են փորձում փնտրել այդտեղ: Կա մեկ հոգու կամք, որն իշխում է բոլորի վրա՝ կոմպրոմատներ ստեղծելով: