ԴԱՏԱԽԱԶԻ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՎՐԱ ԿՈՏՐՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ բավական դժկամությամբ է պատասխանել լրագրողների հարցերին: Մասնավորապես «Ազատություն» ռադիոկայանի հարցերին ի պատասխան՝ նա արհամարհական տոնայնությամբ փորձել է պարզաբանել իր ղեկավարած կառույցի գործունեության թերացման պատճառները, որոնց համար անցած շաբաթ հրապարակային պարսավանքի ենթարկվեց Սերժ Սարգսյանի կողմից:  
«Ազատություն». Պարո՛ն դատախազ, հայտնի խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը բավական սուր քննադատեց Ձեզ, ես ուզում եմ մեջբերել նրա խոսքը. «Ձեր խնդիրն է լինել հստակ եւ կատարել օրենքի պահանջները, անկախ նրանից՝ ՎՊ-ն Ձեզ հաշվետվություն ուղարկել է, թե չի ուղարկել, հրապարակվել է, թե ոչ, պարտավոր եք ուսումնասիրել եւ դրան տալ իրավական գնահատական»: Ինչո՞ւ դատախազությունը դա չի արել եւ սպասել է, մինչեւ ԱԺ նախագահն ուղարկի, ո՞րն է պատճառը:
Աղվան Հովսեփյան. Մենք օրեր առաջ ստացել ենք Ազգային ժողովից` ԱԺ աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ, հանձնարարել եմ պետական շահերի պաշտպանության վարչությանը, որպեսզի նրանք պահանջեն այդ նյութերը, սկզբնաղբյուրները, սկզբնանյութերը, սկզբնական փաստաթղթերը, եզրակացությունները, եւ կատարենք համապատասխան ուսումնասիրություն: Այն նյութերում, որտեղ կան հանցագործության հատկանիշներ, բնականաբար, կհարուցվեն քրեական գործեր:
«Ազատություն». Ինչի՞ն էր սպասում դատախազությունը, ինչո՞ւ անմիջապես…
Աղվան Հովսեփյան. Ես արդեն ասացի Ձեզ, որ մենք նախկինում 7 նյութ մեր նախաձեռնությամբ ենք պահանջել: Իսկ ՎՊ-ն իր հաշվետվությունը ներկայացրել է ԱԺ-ին, եւ  այնտեղից մենք արդեն ստացել ենք: Նախագահի քննադատությունն ուղղված էր նրան, որ մենք Վերահսկիչ պալատի նյութերից չենք առանձնացրել այն նյութերը եւ չենք զբաղվել որպես քրեաիրավական հատկանիշներ կրող նյութեր: Իսկ դա արվեց Ազգային ժողովից մեզ ուղարկելուց հետո: Մենք դա կանենք, եւ դա բնականաբար տեսաք, որ հրապարակվեց Ազգային ժողովում, ու մենք դրանով կզբաղվենք: Իմ կողմից հանձնարարված է եղել վարչության պետին՝ պետական շահերի պաշտպանության, որպեսզի նա պարբերաբար լրատվամիջոցների օգնությամբ եւ օժանդակությամբ իրազեկի հանրությանը:
Հ.Գ. Վերջում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը լրագրողներին կշտամբեց. «Իսկ ինձ թվում էր, թե գոնե մեզ կշնորհավորեք»: Լրագրողներն էլ ստիպված շնորհավորեցին:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս