ՎՊ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԷԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունն իսկական իրարանցում առաջացրեց քաղաքական դաշտում` արժանանալով իշխանական դաշտի դիմադրությանը:
Բավական չէին ՎՊ հասցեին Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կոշտ հայտարարություններն ու մեղադրանքները, հիմա էլ հերթով ասուլիս են անում նախարարությունները` ՎՊ հաշվետվության վերաբերյալ ներկայացնելու իրենց պարզաբանումները: Երեկ լրագրողներին էին հանդիպել քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանն ու բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը, իսկ այսօր կես ժամը մեկ պարբերականությամբ հերթով ասուլիս են տալու ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, կրթության եւ գիտության, աշխատանքի ու սոցիալական հարցերի, ինչպես նաեւ` արտակարգ իրավիճակների նախարարները:
ՎՊ հաշվետվության վերաբերյալ իշխանական դաշտում ստեղծված իրարանցումը, մեղմ ասած, տարօրինակ է: Բանն այն է, որ ՎՊ-ն տարեկան հաշվետվություններով հանդես է գալիս 2008թ. սկսած, ընդ որում` ամեն անգամ ներկայացնելով լրջագույն բացահայտումներ պետական բյուջեի միջոցների վատնումների ու չարաշահումների վերաբերյալ: Օրինակ` ՎՊ 2011թ. տարեկան հաշվետվության մեջ նշված է, որ գնումների գործընթացում առկա են պետական բյուջեի անարդյունավետ օգտագործման դեպքեր: Մատնանշելով կոնկրետ խախտումներ՝ ՎՊ-ն ընդհանրացրել է. «Ստուգումների արդյունքում դեռեւս բացահայտվում են հակամրցակցային, անարդյունավետ, ոչ թափանցիկ, ոչ հրապարակային եւ խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացներ. գները որոշվում են ոչ շուկայական մեթոդներով եւ որպես հետեւանք պետական գնումների գները փաստացի «շեղվում» են շուկայական գներից: Գնումների գործընթացի մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության, մրցույթներն անցկացվում են ձեւականորեն, արդյունքում` «իրական մրցակցությունը» տեղի է ունենում ոչ թե մրցույթի ժամանակ, այլ արտամրցութային պայմաններում: Գնումների գործընթացում միջոցներն օգտագործվում են ոչ խնայողաբար, անարդյունավետ եւ ոչ էֆեկտիվ»:
ՎՊ 2010թ. հաշվետվության մեջ եւս մատնանշված են լուրջ խախտումներ: Գիտության ոլորտում ՎՊ-ն, ի թիվս այլ խախտումների, առանձնացրել է. «ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով գիտահետազոտական նպատակներով ինստիտուտին ամրակցված հողատարածքներն օտարվել են, փոխարինվել են օգտագործման համար ոչ պիտանի հողերով, որի հետեւանքով ձախողվել են մի շարք նպատակային գիտահետազոտական ծրագրեր», «Բարձրագույն ուսումնական հաստատությունների լիցենզավորման եւ հավատարմագրման գործընթացը կատարվում է օրենսդրության պահանջների խախտումներով»: ՎՊ հաշվետվություններից նման մեջբերումները դեռ երկար կարելի է շարունակել: Միայն թե, չնայած այդ բոլոր բացահայտումներին ու գնահատականներին, ՎՊ հաշվետվությունները նախկինում երբեք իշխանությունների կողմից չեն արժանացել նման կոշտ դիմադրության, ոչ էլ անգամ կառավարությունը համակարգված ձեւով հակադարձել է դրանց: Դեռ ավելին, նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն ինքն էր շատ ավելի կոշտ գնահատականներ տվել կառավարությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ՝ ասելով, որ գնումների ոլորտում կառավարության աշխատանքը գնահատում է շատ բացասական:
Այնպես որ, հարց է առաջանում, թե որն է այս օրերին ՎՊ հաշվետվության վերաբերյալ իշխանությունների բարձրացրած աղմուկի պատճառը: «Ժողովուրդ»-ը իր երեկվա համարում տեղեկացրել էր, թե ովքեր են ներիշխանական խարդավանքներ հյուսել ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի դեմ: Հարցը, սակայն, ունի նաեւ իր քաղաքական կողմը:
Եվ ահա, տեսակետ կա, որ Սերժ Սարգսյանի` Լեհաստան այցի ժամանակ, երբ նա փորձել է խոսել Երեւանում դոնորների համաժողովի անցկացման մասին, եվրոպացիները մատնանշել են Հայաստանում առկա կոռուպցիան եւ օրինակ բերել նույն ՎՊ բացահայտումները, դրանց վերաբերյալ խորհրդարանական քննարկումները: Ասել է թե՝ Ս. Սարգսյանին հասկացրել են, թե ԵՄ-ն չունի որեւէ երաշխիք, որ իրենց գումարները եւս այդ ճակատագրին չեն արժանանա:
Կա նաեւ մեկ այլ տեսակետ, որ ՎՊ բացահայտումները խիստ վրդովվեցրել են վարչապետ Տիգրան Սարգսյանին. ՎՊ բացահայտումներն առնչվում են վարչապետի անձնական վերահսկողության տակ գտնվող ոլորտներին: Ինչպես հիշում եք, տարեկան հաշվետվության մեջ ՎՊ-ն անդրադարձել էր «էլիտար բիոզուգարանների» հայտնի պատմությանը` դրանք որակելով անարդյունավետ ծախս: ՎՊ-ն անդրադարձել էր նաեւ վարչապետի մեկ այլ ծրագրի` Գյումրին տեխնոքաղաքի վերածելու հայեցակարգին` այնտեղ ծախսված 430 հազար դոլարին` որակելով այն անարդյունավետ: ՎՊ հաշվետվության մեջ առանձին տեղ էր հատկացված ԾԻԳ-երում կատարված բացահայտումներին, երբ որեւէ ապրանք գնել են մի քանի անգամ թանկ գնով: Իսկ ԾԻԳ-երը, ինչպես հայտնի է, կրկին գտնվում են Տ. Սարգսյանի անձնական «վերահսկողության» տակ: Եվ, ի վերջո, ՎՊ-ն անդրադարձել է շինարարությանը: Հայաստանում շինարարական մեծ տենդերները շահում են հենց վարչապետի ազգականներին պատկանող շինկազմակերպությունները:
«Ահա թե ինչու է աղմկում գետը»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս