ՀԱՆԴԻՊԵԼ Է ԼԻՍԿԱՅԻՆ
«Առավոտ»-ի փոխանցմամբ՝ երեկու օր առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը Երեւանում հանդիպել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ: Նախկին ու ներկա մարզպետերի հանդիպումը եղել է աշխատանքային ժամին` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում: Նրանցից երկու սեղան այն կողմ նստած են եղել հինգ ոստիկան եւ դատախազության մեկ աշխատակից:
«ՍՄԵՐՉ»-Ը ՍԱՐՍԱՓԵԼԻ Է
Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված մեկ միլիարդի հարձակվողական զինամթերքի մեջ ամենամտահոգիչը մեկ դիվիզիոն (18 կայանք) «Սմերչ» ԲՄ-30 համազարկային հրթիռային համակարգի վաճառքն է: Ռազմական փորձագետների պնդմամբ` այն համարվում է այս պահի դրությամբ աշխարհի հզորագույն համազարկային հրթիռային համակարգը, որը կործանիչ ուժով զիջում է միայն ատոմային ռումբին: «Սմերչ»-ի 30 մմ-անոց հրթիռները հաղթահարում են 90 կմ հեռավորություն եւ անվրեպ խոցում թիրախը։ Մեկ հրթիռը ոչնչացնում է կենդանի ամեն ինչ 67 հա մակերեսով (130 ֆուտբոլի դաշտ):
ԵԽ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ
ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հուլիսի 3-4-ը ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի կունենա «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» համաեվրոպական խորհրդաժողովը, որին կմասնակցեն 32 երկրների եւ միջազգային կառույցների 80 ներկայացուցիչներ:
ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԵԼ Է
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում արդեն 2 օր է` սկսվել է նախընտրական քարոզարշավը: Ինչպես տեղեկացրել ենք, Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար ինքնաառաջադրվել էր 5 թեկնածու, սակայն նրանցից Գալուստ Մկրտչյանն ինքնաբացարկ է հայտնել: Ընտրությունները կկայանան հուլիսի 14-ին, իսկ մինչ այդ` երեկ, գյուղում անցկացվել է մոմավառություն` ի հիշատակ սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի:
ՈՍԿԻՆ ՔԻՉ ԷՐ
Սնանկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանի՝ Ղարաբաղում գտած եւ Ուկրաինա ուղարկված ոսկու լաբորատոր ստուգումների արդյունքներն արդեն պատրաստ են: Ոսկի հայտնաբերվել է, սակայն այն ստանալու համար ծախսերն ավելի շատ կլինեն, քան արդյունքը: «Իհարկե, շատ տխրեցի, բայց չեմ հանձնվելու: Մի քիչ այստեղի գործերս կարգավորվի, անպայման գնալու եմ Ղարաբաղ: Ղարաբաղում երկաթի, մոլիբդենի հանքեր կան: Դրանով ոչինչ չի ավարտվում»,-NEWS.am-ին ասել է Հայրապետյանը:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է
ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին եւ ԱՄՆ ժողովրդին: Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: