ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ԴԱՏԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012թ. սեպտեմբերի 9-ին կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ 46-ամյա Հակոբ Հաջի-Հակոբյանը 2013թ. փետրվարի 4-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել:
Վերջինիս նկատմամբ մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը, որը պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով), սակայն 2012թ. դեկտեմբերի 12-ին նրան առաջադրված մեղադրանքը փոփոխվել եւ լրացվել է: Պատճառն այն է եղել, որ նրա կողմից կաշառք ստանալու վերաբերյալ նոր 11 դեպքեր են ի հայտ եկել, եւ դրա արդյունքում վերջնական մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 1-ին մասով (11 դրվագներով):
Այս գործի ամենաաղմկահարույց կողմն այն է, որ Հ. Հաջի-Հակոբյանը, լինելով ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ, կաշառք ստանալու գործողություններն իրականացրել է շուրջ 4 տարի:  
Համաձայն այս գործի մեղադրական եզրակացության՝ երկու անչափահաս երեխաների հայրը, 2008թ. մարտից մինչեւ 2011թ. հուլիսն աշխատելով Վրաստանում ՀՀ գլխավոր հյուպատոս, իսկ 2011թ. հուլիսից մինչեւ 2012թ. սեպտեմբերի 9-ը ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ, «ՀՀ վերադարձի վկայականը տալու կարգ»-ի պահանջների խախտում է թույլ տվել: Առանց ՀՀ ԱԳՆ հարցում ուղարկելու եւ պատասխան ստանալու՝ Թուրքիայի Հանրապետությունից Հայաստան վերադարձող եւ անձը հաստատող փաստաթղթեր չունեցող կամ դրանց հետ խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացիներին 1-2 օրվա ընթացքում վերադարձի վկայական տրամադրելու համար պահանջել է կաշառք՝ 100-ական ԱՄՆ դոլարի չափով հավելյալ գումարներ:
Պարզվում է, որ հյուպատոսական վարչության պետն այս գործողությունները միայնակ չի իրականացրել: Հ. Հաջի-Հակոբյանին այս գործում օժանդակել են Վրաստանում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական Անժելա Գեորգիի Օվանեսյանն եւ Վրաստանի Բաթում քաղաքում բնակվող ՀՀ քաղաքացի Նանե Գավրուշի Ղավալբաբունցին: Վերջիններիս կողմից ներկայացվել են  կաշառք ստանալու 11 դեպքեր:
Ըստ մեղադրանքի՝ կաշառքի արդյունքում ստացված գումարները Ա. Օվանեսյանը պարբերաբար «արագ փոստ» բանկային փոխանցումներով ուղարկել է Հայաստան՝ Հ. Հաջի-Հակոբյանի կնոջ՝ Լուսինե Գրիգորյանի անվամբ կամ էլ առձեռն տվել է Հ. Հաջի-Հակոբյանին Բաթում կատարած այցելությունների ժամանակ:
Ն. Ղավալբաբունցն իր հերթին վերադարձի վկայական ստանալու հարցը կարգավորելու խնդրանքով իրեն դիմած ՀՀ քաղաքացիներից պահանջել եւ ստացել է 200-250-ական ԱՄՆ դոլար:
Հայաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչները, ըստ էության, հիմնականում կաշառք վերցրել են Թուրքիայում բնակվող ՀՀ քաղաքացիներից, որպեսզի նրանք ստանան վերադարձի վկայական: Օրինակ՝ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ծննդաբերած, Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացի Մարինե Հայրապետյանը Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից որդու՝ Մաքսիմ Հակոբյանի տվյալներով վերադարձի վկայական ստանալու համար իր՝ Ստամբուլում բնակվող ընկերուհու միջոցով 2012թ. օգոստոսի սկզբին դիմել է Ն. Ղավալբաբունցին, որն այդ հարցը մի քանի օրվա ընթացքում կարգավորելու համար պահանջել եւ ստացել է 300 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ մեկ այլ քաղաքացի՝ Շուշան Ռամազյանը, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից իր տվյալներով վերադարձի վկայական ստանալու համար 2012թ. օգոստոսի սկզբին Ստամբուլում գործող օֆիսում աշխատող ոմն Գագիկի միջոցով Ն. Ղավալբաբունցին տվել է 170 ԱՄՆ դոլար գումար:
Երբ բացահայտվել է այս խայտառակությունը, եւ բանը հասել է «դիվանբաշուն», դիվանագետ Հ. Հաջի-Հակոբյանը միջնորդել է գործը քննել արագացված կարգով` հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ եւ հասկանալի է, համաձայն է դրա հետ եւ իրեն լիովին մեղավոր է ճանաչում:
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը վճռել է Հակոբ Երվանդի Հաջի-Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 1-ին մասով (11 դրվագով) եւ վճռել հանցանքի 11 (տասնմեկ) դրվագներից յուրաքանչյուրով տալ ազատազրկում 6 (վեց) ամիս ժամկետով: Նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով՝ Հ. Հաջի-Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով, դիվանագիտական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 (երկու) տարի ժամկետով:
Ու թեեւ դիվանագետն ընդունել էր իր մեղքը, այնուամենայնիվ, նաեւ բողոքարկել է սույն որոշումը ՀՀ վերաքննիչ դատարանում՝ պահանջելով իր նկատմամբ նշանակել տուգանք կամ ազատազրկման ձեւով, բայց առավել նվազ խստությամբ պատժաչափ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում դատապարտված չի եղել, եւ հնարավոր է՝ ուղղվի առանց պատիժը կրելու:
Արդյունքում՝ մայիսի 5-ին վերաքննիչ դատարանը պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել է  ու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս