ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից ԱԺ-ում ներկայացրած տարեկան հաշվետվության շուրջ բարձրացած աղմուկն ու այդ առիթով հունիսի 29-ին Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունը մի քանի ուշագրավ նրբություններ ունեն, որոնց վրա, թերեւս, արժե ուշադրություն դարձնել: Պարզվում է՝ Սերժ Սարգսյանին ինֆորմացիա տվողները շատ հարցերում, մեղմ ասած, խաբել են նրան:
ԴԵՐՈՅԻ ՍՈՒՏԸ
Երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին մի սեղանի շուրջ հավաքելով՝ Ս. Սարգսյանն ահա թե ինչ է հայտարարել. “Ինսուլինի հետ կապված այդ ողջ պատմությունը, երբ տարիներ շարունակ մենք ինսուլին ձեռք էինք բերում բարձր գներով, եթե չեմ սխալվում՝ 4500 դրամ մոտ 1 սրվակի համար, եւ երբ հասկացանք դա, տեսանք, փորձեցինք մի աղբյուրից ձեռք բերել, հայտնվեցին մարդիկ, ովքեր ավելի էժան առաջարկեցին, քան տվյալ մեկ աղբյուրը, որն առաջարկում էր կրկնակի անգամ ավելի էժան, եւ ինչքա՞ն էժան, 2-3 դրամ էժան: Այսինքն՝ ակնհայտ է, որ այստեղ մեքենայություն կա: Եվ ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ նախարարն այսպիսի հարցերի դեպքում չպետք է երկար-բարակ մտածեն, թե վաղը մեզ քննադատելու են, ասելու են՝ այս մեկը 2 դրամ պակաս է տվել: Ակնհա՞յտ չէ, թե ինչու է այս մեկը 2 դրամ պակաս տվել: Ո՞վ կարող է որեւէ նախարարի քննադատել, եթե այդ նախարարը կրկնակի ավելի էժան գներով մեկ աղբյուրից է ձեռք բերում այդ ապրանքը”:
Այս խոսքերից հասկանալի է դառնում, որ Ս. Սարգսյանը կուրորեն հավատացել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կողմից մատուցված հեքիաթներին եւ վստահ է, որ այսօր ներկրված ինսուլինը նույնն է, բայց ավելի էժան գնով: Հետաքրքիր է՝ նստած փողկապավորներից որեւէ մեկի մտքով չանցա՞վ հարցնել, եթե նույն դեղն էժան գնով են ձեռք բերել, ինչո՞ւ նախկին “թալանչիները” չեն պատժվում, եւ վերջապես, եթե նույնն է, ինչո՞ւ էին շաքարային դիաբետով հիվանդներն օրուգիշեր դժգոհում, որ բերված ինսուլինն անորակ է, թույլ ազդեցություն ունի եւ իրենց համար պիտանի չէ: Ինչո՞ւ են մարդիկ ստիպված լինում արտերկրի իրենց բարեկամներին խնդրել՝ ինսուլին ուղարկել Հայաստան: Անշուշտ, անհրաժեշտության դեպքում ասվածի ճշմարտացիությունը ստուգելը մեծ ջանքեր ու ժամանակ չի պահանջի, պարզապես խայտառակությունն ավելի մեծ կլինի:
ՍՏԵՓԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀՄԱՅՔԸ
Սերժ Սարգսյանն իր ելույթում, փնովելով ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին, գովեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին. “Պրոֆեսիոնալ մարմինը գրավոր թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ պետք է, պարտավոր է հրամցնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ: Ճիշտ այնպես, ինչպես աշխատում է մեր Ազգային վիճակագրական ծառայությունը: Ես չեմ պատկերացնում, որ որեւէ մեկը կարողանա Ստեփան Մնացականյանին հունից հանել կամ ստիպել, որպեսզի նա բացատրի իր հրապարակած որեւէ թվի պատճառները կամ հետեւանքները”:
Այստեղ, հավանաբար, Ս. Սարգսյանի համար ելույթ գրողներն են շփոթվել (՞): Բանն այն է, որ ՎՊ-ն եւ ԱՎԾ-ն միանգամայն տարբեր մարմիններ են՝ տարբեր գործառույթներով: ՀՀ Սահմանադրության 83.4 հոդվածի համաձայն՝ “ՀՀ վերահuկիչ պալատն անկախ մարմին է, որը վերահuկողություն է իրականացնում բյուջետային միջոցների եւ պետական ու համայնքային uեփականության oգտագործման նկատմամբ”: Իսկ ՎՊ օրենքում հստակ նշված է. “Վերահuկիչ պալատի գործունեության uկզբունքներն են` անկախությունը, oրինականությունը, անաչառությունը եւ հրապարակայնությունը”: Եվ այս մարմնին համեմատել վիճծառայության հետ, մեղմ ասած, “սիրուն չէ”:
Ահա թե ինչ է գրված ԱՎԾ օրենքում. “Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրության կազմակերպման կարգը եւ կարգավորում է հանրապետության սոցիալ-տնտեսական գործընթացների, բնակչության եւ նրա կենսագործունեության ոլորտների վերաբերյալ վիճակագրական տվյալների հավաքագրման, մշակման, կուտակման, ամփոփման, պահպանման, ինչպես նաեւ վերլուծության, փոխանակման եւ վիճակագրական տեղեկատվության տրամադրման (հրապարակման) հետ կապված հարաբերությունները”:
Բայց որպեսզի հասկանալի լինի, թե ինչու է ԱՎԾ-ն ավելի ընկալելի բարձրագույն իշխանության կողմից, նկատենք մեկ պարզ ճշմարտություն. այդ ծառայությունը ՀՀ կառավարության անդամների գրպանները մտած գումարները չի հաշվում: Իսկ ՎՊ-ն անում է, քանի որ դրանք ուղղակիորեն առնչվում են “բյուջետային միջոցների օգտագործման” դրույթին: Դրա համար էլ կոպտում են: Ի դեպ, ՎՊ նախագահն իր բոլոր հաշվետվությունները, այդ թվում եւ վերջինը, ճշտում է ՀՀ նախագահի հետ:
ՉԻ՞ ՆԿԱՏԵԼ
Բայց սա դեռ ամենը չէ: Ս. Սարգսյանը, տուրք տալով ՀՀ նախագաի նստավայրում ընդունված բառապաշարին՝ “մուտիլովկաներին”, պարզապես անհարմար դրության մեջ ընկավ: Քննադատելով Իշխան Զաքարյանին՝ նա ասաց. “Բոլորի համար մեկ է, թե Դուք ինչ կարծիք ունեք դատախազության մասին կամ մեկ ուրիշի մասին: Դուք հիասթափված եք, ոգեւորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել: Եվ եթե այդպիսի արտահայտություն ինչ-որ դեպքում չի եղել, դրա մասին մամուլը գրում է, ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ մամուլին: Այդ դեպքում ինչպե՞ս կլինի, ի՞նչ ասեմ, օրինակ, երբ ՀՔԾ ղեկավարը սկսի գնահատել ՎՊ-ի աշխատանքը”: Նախ՝ անհարմար է, որ ՀՀ նախագահը խոսում է հրապարակավ կարծիք հայտնելու անթույլատրելիության մասին: Չէ՞ որ ՎՊ-ն անկախ մարմին է: Բացի այդ, պետք չէ ասել, թե «բոլորի համար մեկ է Ձեր կարծիքը», քանի որ մեկ կլինի այն դեպքում, երբ Զաքարյանը դադարի լինել ՎՊ նախագահ: Իսկ եթե ՎՊ նախագահը դժգոհ է դատախազությունից, ուրեմն խնդիր կա երկրում:
Իսկ որտեղի՞ց հրապարակ նետվեց Ի. Զաքարյանի կարծիքը դատախազության մասին: ՀՀ “ամենաընդդիմադիր” պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Ի. Զաքարյանը ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե ինքը հիասթափված է դատախազությունից: Բայց հրապարակման հաջորդ իսկ օրը Զաքարյանը հերքեց այն՝ հենց ԱԺ ամբիոնից ասելով, որ Ջհանգիրյանը ստում է: Թե ինչու է այդքանից հետո Ս. Սարգսյանն ասում, թե ՎՊ նախագահը պարտավոր է բացատրություններ տալ, մնում է անհայտ: Չէ՞ որ արդեն տրվել են այդ բացատրությունները:
Սերժ Սարգսյանի ելույթի մոնտաժված հատվածն ու այլ ուշագրավ մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի վաղվա համարում:
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
“Ժողովուրդ” օրաթերթի 576 համար