Ախորժակն «ուտելուց» է բացվում. ո՞վ պետք է զսպի Երևանի ղեկավարության անհագ ցանկությունները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում կուտակված խնդիրներն այնքան շատ են, որ դրանք անհնար է թվարկել: Սակայն Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է համայնքի միջոցները, մեղմ ասած, անարդյունավետ ծախսել:

Տարիներ շարունակ մամուլը բարձրաձայնում է քաղաքապետարանի կողմից գերթանկարժեք նստարաններ եւ աղբամաններ ձեռք բերելու մասին: Այս տարի եւս քաղաքապետարանը պատրաստվում է 138 մլն 330 հազար ծախսել նստարանների եւ աղբամանների համար: Մասնավորապես 1 նստարանի համար քաղաքապետարանը կվճարի 165 հազար դրամ, իսկ աղբամանի համար` 78 հազար դրամ: Սակայն, պարզվում է, միայն նստարանների եւ աղբամանների «բիզնեսը» Տարոն Մարգարյանին եւ նրա ենթականերին չի բավարարել, եւ նրանք նորանոր մեթոդներ են հնարում` համայնքային միջոցները փոշիացնելու համար:

Այսպես՝ պաշտոնական փաստաթղթերից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետարանը հայտարարությունների փակցման համար նախատեսված երկաթյա 50 գրատախտակ է պատվիրել, որի մեկ հատի համար պարտավորվել է վճարել 100 հազար դրամ: Սա էլ դեռ ամենը չէ, քաղաքապետարանը կգնի նաեւ հեծանիվների 40 կանգառ` մեկ հատը 125 հազար դրամով: Այսինքն՝ քաղաքապետարանի ղեկավարությանը կրկնակի թանկ գնով ապրանք գնելն այլեւս չի բավարարում, նրանք նաեւ այնպիսի ուղիներ են ներդնում, որպեսզի կարողանան իրականից արդեն երեք անգամ ավել գումար ծախսեն: Բավական է նշել, որ հեծանիվների մեկ կանգառի արժեքը հավասար է մետաղի մեկ տոնայի գնին:

Հետաքրքիր է՝ ո՞վ պետք է բռնի Երեւանի ներկա ղեկավարության ձեռքը եւ զսպի անհագուրդ ախորժակը: Նույնիսկ հավելագրումը պետք է չափ ու սահման ունենա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս