ԵՊՀ հրատարակչությունը` եվրոպական հրատարակչական ընտանիքի լիիրավ անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ հրատարակչությունը դարձել է Եվրոպական համալսարանական հրատարակչությունների ասոցիացիայի (AEUP) լիիրավ անդամ:

Վերջին տարիներին ԵՊՀ հրատարակչությունն իր գործունեության աշխարհագրությունն ընդլայնել է և ակտիվորեն կապեր է հաստատում ու համագործակցում եվրոպական գործընկերների հետ: Դրա արդյունքներից մեկն էլ այն է, որ Եվրոպական համալսարանական հրատարակչությունների ասոցիացիան (http://www.aeup.eu/) հրատարակչությանն ընդունել է իր մեծ ընտանիք:

Ասոցիացիայի կազմում այսօր ընդգրկված են մի քանի տասնյակ հրատարակչություններ, որոնք պատկանում են եվրոպական այս կամ այն առաջատար համալսարանին կամ գիտահետազոտական կառույցին: ԵՊՀ հրատարակչությունը ասոցիացիայի կողմից միանգամից ստացել է լիիրավ անդամի (Full member) կարգավիճակ: Դա նշանակում է, որ իրավունք ունի մասնակցելու տարեկան համաժողովներին, ոլորտի, ինչպես նաև կազմակերպության կարևոր հարցերի քննարկմանը և այլն: Անդամակցությունը նաև գրքի միջազգային տոնավաճառներում համատեղ միջոցառումներ իրականացնելու հնարավորություն է տալիս:

Մինչ ԵՊՀ հրատարակչությանն իր շարքերն ընդունելը ասոցիացիան ուսումնասիրել է դրա պատմությունը, գործունեությունը, վարած քաղաքականությունը, հեղինակների հետ հարաբերություններն ու իրավական կարգավորումները, մասնագիտական էթիկայի պահպանումը հեղինակների հետ աշխատանքում, միջազգային կապերը և այլն:

«Ասոցիացիային անդամակցությունը լավ հնարավորություն է նոր գործընկերներ ձեռք բերելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու համար: Բացի այդ՝ այս կերպ ինտեգրվում ենք միջազգային հրատարակչական գործընթացներին, ինչից կախված է նաև տեղական շուկայի զարգացումը»,- նշում է ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:




Լրահոս