ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկները, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում են նաև դատապարտյալների և կալանավորված անձանց վերասոցիալականացման, զբաղվածության, ինչպես նաև վերջիններիս ազատ ժամանցի կազմակերպման խնդիրների լուծումը:
Այսպես` մարտի 7-ին ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը կազմակերպել էր կինոդիտում, որի ընթացքում կին դատապարտյալները դիտեցին կատակերգական ժանրի ֆիլմ, իսկ մարտի 9-ին` տոնական միամսյակի շրջանակներում, կին դատապարտյալների հետ համատեղ հիմնարկի ակումբում տոնական միջոցառում կյանքի կոչվեց:
Մինչ միջոցառման մեկնարկը, քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Մ. Միքայելյանն իր և հիմնարկի վարչակազմի անունից շնորհավորեց կին դատապարտյալներին, ապա սկսվեց տոնական միջոցառումը, ինչի ընթացքում դատապարտյալները հանդես եկան երգի, պարի և ասմունքի յուրատեսակ կատարումներով:
Իսկ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մարտի 9-ին մեկնարկեց արդեն ավանդույթ դարձած գարնանային ծառատունկը:
Հիմնարկի աշխատակիցները դատապարտյալների հետ համատեղ մինչ այսօր տնկել են շուրջ 180 ծառ, սակայն տարածքի բարեկարգմանն ուղղված ծառատունկը դեռ կշարունակվի և կլինի տևական: