ՕՐԵՆՔՆԵՐԸ ԿԱՆ, ՊԱՐԶԱՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ Է ՊԵՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, թե Եվրադատարանն իր վճիռներով նաեւ վերհանել է ՀՀ օրենսդրական բացերը, եւ դրանց արդյունքում իշխանությունները բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ են կատարել. «Այդ տեսակետից մենք մեծապես կարեւորում ենք երկկողմ համագործակցության սերտացումը»:
Հարկ է նկատել, սակայն, որ անկախ օրենսդրական փոփոխություններից՝ Հայաստանում արդարադատությունն իրականացվում է ընտրովի, եւ հատկապես քաղաքական գործերի դեպքում որոշումները թելադրվում են Բաղրամյան 26-ից: Այնպես որ, նման իրավիճակում կարեւոր չեն օրենսդրական փոփոխությունները, այլ կարեւոր է դառնում քաղաքական կամքը:
Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց փաստաբան, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանի հետ: «Քաղաքացին այստեղ պարտվում է, հետո դիմում է ԵԴ ու այնտեղ հաղթում: Արդյունքում՝ Հայաստանում ոչ մի դատավոր կարգապահական վարույթի, թեկուզ տույժի չի ենթարկվում սխալ որոշումներ կայացնելու համար,-նկատեց Տեր-Եսայանը՝ հավելելով,-ի՞նչ օրենսդրական փոփոխության մասին է խոսքը: Օրենքները կան, պարզապես կիրառել է պետք: Շատ հայցեր ԵԴ-ն բավարարում է, բայց ոչ մի հետեւություն էլ չեն անում, որ ասենք՝ նայեն, ամփոփեն, տեսնեն, որ նման դեպքերը մյուս անգամ չկրկնվեն»: Ըստ Տեր-Եսայանի՝ օրենսդրական փոփոխությունները շատ ավելի արդյունավետ կլինեին, եթե իշխանությունները պարտավորված մոտենային իրենց աշխատանքին: Իսկ սխալների դեպքում, փաստաբանի խոսքով, քաղաքացու իրավունքները ոտնահարած դատավորները կամ պետական մյուս ատյանները պետք է ենթարկվեն տույժի: «Այնպես որ, չեմ գտնում, թե ասածի մեջ կա ճշմարտություն»,-ասաց Տիգրան Տեր-Եսայանը:
Իսկ մինչ այդ նշենք, որ ԵԴ-ն վերջին 5 տարիների ընթացքում քննել է Հայաստանից ներկայացված 35 գործ եւ պարտավորեցրել ՀՀ կառավարությանն ընդհանուր առմամբ մոտ 250 հազար եվրո վճարել քաղաքացիներին որպես փոխհատուցում:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս