ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյան քաղաքի մի խումբ բնակիչներ դիմել են «Ժողովուրդ»-ին` բողոքելով  Նոյեմբերյանի տարածաշրջանում արտադրվող լիմոնադների որակից: Նրանց ներկայացրած լիմոնադի պիտակներից մեկի վրա գրված է՝ «Զովացուցիչ ըմպելիք, տանձ, առլեկինո»: 0.5 լ այդ ըմպելիքի բաղադրության մեջ նշված է՝ «ջուր, շաքար, ասպարտամ (E951), կիտրոնաթթու, բնական հուրհաղորդիչներ, նատրիումի բենզոնատ (E330), ածխածնի երկօքսիդ: Էներգետիկ արժեքը՝ 100 գր.՝ 0.5 կկալ: Արտադրող՝ «Գեւորգ Աբգարյան» ԱՁ: Հասցե՝ Տավուշի մարզ, գ. Կողբ: Պահպանման պայմաններ՝ 90 օր: Արտադրման ժամկիետը»:  Տառասխալը մերը չէ, այլ արտադրողինը, պիտակին հենց այդպես է գրված՝ «ժամկիետ»:  Չնայած այդ ըմպելիքի վրա գրված է՝ «տանձ», սակայն, ինչպես տեսաք, այնտեղ ոչ մի տանձ էլ չկա: Ինչպե՞ս կարող է լիմոնադի պահպանման ժամկետը 90 օր լինել, դրա մեջ պարունակվող քիմիական նյութերը՝ ասպարտամը եւ նատրիումի բենզոնատը, այդ ընթացքում  քիմիական ի՞նչ ռեակցիայի կենթարկվեն: Համեմատության համար վերցնում ենք  Նոյեմբերյան քաղաքում Գ. Մամյան անհատ ձեռներեցի արտադրած «Գոհար» լիմոնադի պիտակը, որի վրա պահպանման ժամկետը նշված է 30 օր: Ըմպելիքի բաղադրության մեջ, ի թիվս այլ նյութերի, գրված է նաեւ նատրիումի բենզոնատ եւ շաքարի փոխարինող: Թե շաքարի փոխարինողը քիմական որ  նյութն է, մնում է միայն կռահել: Նոյեմբերյանում վաճառվող մեկ այլ լիմոնադի պիտակի վրա միայն գրված է՝ «Արայի, մուլտի»: Դրանից կարելի է կռահել, որ  լիմոնադը պատրաստվել է տարբեր մրգերից: Լիմոնադի պիտակի  վրա գրված չէ ո՛չ դրա բաղադրությունը, ո՛չ արտադրման  վայրը, ո՛չ  էլ պահպանման ժամկետը: Ընդ որում, դրա խցանի վրա ակցիզային դրոշմանիշ է փակցված:
«Ակցիզով է, դրա համար գինը թանկացել է»,-ասաց խանութի վաճառողուհին: Նրանից տեղեկացանք, որ նախկինում 0.5 լ քանակով այդ լիմոնադի գինը առանց շշի եղել է 50 դրամ, իսկ ակցիզային դրոշմանիշի հայտնվելուց հետո դարձել է 60 դրամ: Ի՞նչ է ստացվում. կես լիտր հանքային ջուրը կրկնակի անգամ ավելի թանկ է, քան նույն քանակի լիմոնադը:
Հայաստանում արտադրվող լիմոնադները հագեցած են տարատեսակ քիմիական նյութերով, որոնք վտանգավոր են առողջության համար: Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում լիմոնադները պատրաստում են սանիտարական կասկածելի պայմաններում, ասենք՝ որեւէ ավտոտնակում: Հաճախ դրանց պիտակների վրա չի գրվում բաղադրությունը կամ պահպանման ժամկետը: Իսկ լիմոնադներ հիմնականում օգտագործում են երեխաները: Այդպիսով` վտանգվում է մանուկների առողջությունը, ազգի ապագան: Իսկ ո՞ւր է նայում սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունը: Հարցը, ցավոք, հռետորական է:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս