
Գյումրիի 102-րդ ռազմաբազայում այսօր տեղի է ունեցել Ավետիսյանների սպանության գործով հերթական դատական նիստը: Այսօր շարունակվեց սպանության գործով վկաների հարցաքննությունը:
Դատական նիստին ցուցմունք տվեց ռուսական սահմանապահ ջոկատի սահմանապահ Ռոմիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ դեռևս նախորդ դատական նիստին պետք է մասնակցեին և վկայություն տային ռազմաբազայի զինծառայողներ, սակայն նրանք այսօր ռազմաբազայում չեն ծառայում և դա անհնար է դարձել: Նրանց թվում է նաև Պերմյակովի անմիջական հրամանատար Անդրեյ Նիկիշինը՝ պահակակետի պետը։
Տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչներն էլ միջնորդության միջոցով նշել էին, որ Պերմյակովի անմիջական հրամանատարը գործում կարևոր վկաներից մեկն է և պահանջել էին նրան որպես վկա ներգրավել: Սակայն դատարանն այսօր տեղեկացրեց, որ ռազմաբազայից գրություն է ստացել, որում ասվում է ռազմաբազան տեղեկություն չունի նրանց գտնվելու վայրի մասին:
Մեղադրող դատախազի միջնորդությամբ դատարանն անցել է գործում եղած փաստաթղթերի հետազոտմանը: Սկսել է հրապարակվել նաև դեպքի վայրի զննության վերաբերյալ արձանագրությունը: