Վերջին շրջանում Երեւանում շատացել են օձերն ու մլակները: «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի կարծիքով՝ Երեւանում տնկված ծառերը քաղաքապետարանի կողմից չեն սրսկվել, չեն մաքրվել, իսկ էտումն էլ կատարվել է անորակ ձեւով, ինչի պատճառով էլ մլակները շատացել են: Բացի այդ, Ադամյանն ահազանգում է, որ Երեւանը վերադառնում է իր հին՝ կիսաանապատային վիճակին, որտեղ շատ էին օձերն ու կարիճները: Իսկ ահա սողունաբան Արամ Աղասյանը կապ չի տեսնում Երեւանի անապատացման եւ օձերի քանակի ավելացման միջեւ:
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանի խոսքով՝ 90-ականների ծանր տարիներին մարդիկ իրենց գոյությունը պահպանելու համար սկսեցին հատել այգիները, ծառերը, որից հետո սկսեցին անկարգ ու անկանոն կառուցապատել Երեւանը. «Մենք չմտածեցինք, թե որ զոնայում է գտնվում Երեւանը, ինչպիսի լանդշաֆտ ունի, արդյոք կտրելով ծառերը, վերացնելով Դալմայի, Նորքի այգիները՝ ինչ խնդիրների առաջ կկանգնենք: Այս ամենի մասին դեռ այն ժամանակ չէինք մտածել: Ի՞նչ ունենք մենք այսօր` ձեւավորված ուրբանիզացված մի տարածք, որը հիմա վերադառնում է կիսաանապատ միջավայրին: Սակայն մարդու գործոնի պատճառով»:
Ս. Ադամյանի տվյալներով՝ 90-ականներից հետո, երբ Հայաստանում սկսվեց բնապահպանական եւ տնտեսական ճգնաժամը, Երեւանի թռչունների քանակը նվազեց: Հիմա 153 տեսակից կա 108-125 տեսակ: Սա բնապահպանական աղետ է: «Եթե մենք հիմա կանգ չառնենք, ապա շատ լուրջ խնդիրներ կունենանք: Մենք կունենանք մեռած քաղաք, որը լի կլինի բետոնապատ շինություններով, կոնդիցիոներներով եւ այլ բաներով, ու մարդիկ կհեռանան, չի լինի կենսաբազմազանություն»,-կանխատեսեց Ադամյանը:
ՀԿ-ի նախագահը նշեց նաեւ, որ Երեւանում մլակները մայիս ամսից ակտիվացել են. «Դրանք փողոցում քայլելու ժամանակ կարող են մտնել մարդու քթանցքը, աչքը, ականջը, բերանը: Սրան զուգահեռ Երեւանում սկսել են քչանալ մլակներ ուտող թռչունները: Պատճառն օր օրի ավելացող նորակառույց շենքերն են, քանի որ տվյալ թռչունները բնադրվում են շենքերի անցքերում, քիվերում: Հիմա սրանք չունեն նման հնարավորություններ»:
Մասնագետը համոզված նշեց, որ Երեւանում բոլոր նոր կառուցվող շինությունները պետք է անցնեն համապատասխան էկոլոգիական հետազոտություններ, որոնցով հաշվի է առնվում, թե ինչ բազմազանություն կա շրջապատում, ինչ բուսական աշխարհ, ինչ ծառեր. «Այս ամենը պետք է հաշվի առնվի: Բայց այսօր մենք ի՞նչ ենք անում: Կանաչը տապալում եւ դրա փոխարեն կանգնեցնում ենք բարձրահարկ շենքեր: Եվ դրա համար Երեւանի քաղաքապետարանը թույլտվություն է տալիս»:
Ադամյանը հավատացնում է, որ այս տարի Երեւանի ծառերը չեն սրսկվել, չեն մաքրվել, ինչի պատճառով էլ Երեւանում շատացել են մլակները. «Այդ աշխատանքները շատ վատ են կատարվել: Միայն կատարվել է ծառերի էտում, այն էլ ուշ, անորակ: Դրա համար էլ մեր քաղաքն այս վիճակում է: Մենք սրա դեմ երկար տարիներ է, ինչ պայքարում ենք, բայց ոչ մի արդյունք չունենք, արդեն հոգնել ենք»:
«Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ 2013-ին՝ գարնանային ծառատունկի ժամանակ, մայրաքաղաքում տնկվել է մոտ 30.000 ծառ եւ 10.000 թուփ՝ բացառապես ոռոգվող տարածքներում: Իսկ 2012-ին բարելավվել եւ ընդլայնվել են սիզամարգային եւ ծաղկային տարածքները, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է գրեթե 18 հա: 2012-ին տնկվել է մոտ 40.000 ծառ ու թուփ:
Իսկ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանող տարածքների կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանի կարծիքով՝ ոչ թե օձերի քանակն է ավելացել, այլ մարդկանց ու օձերի հանդիպումները. «Այն ենթադրությունները, որ ծառերը Երեւանում կտրեցին, ու Երեւանը վերածվեց անապատի, եւ օձերն էլ շատացան, ընդամենը հիմարություն են: Դա ոչ մասնագիտական դիլետանտական պատասխան է: Ինչպե՞ս կարելի է նման անպատասխանատու եւ ոչ մասնագիտական հայտարարություն անել: Երեւանի անապատացումը կապել օձերի քանակի ավելացման հետ՝ սխալ է: Երեւանում, Հրազդանի կիրճում եւ մի քանի այլ վայրերում ժամանակին կային բնական ապրելավայրեր, հիմա այդ տարածքներում քաղաքաշինական գործունեություն է իրականացվում: Այս պատճառով օձերի կեսը տեղում է ոչնչանում, իսկ կեսն էլ պետք է քոչի այդ տարածքից: Եթե տվյալ վայրում շինարարություն է ընթանում, ապա օձերը կորցնում են իրենց բնական միջավայրը, հետեւաբար փոխում են այն, քանի որ շինարարությունը զբաղեցրել է իրենց բնական էկոհամակարգը»:
Հ.Գ. Մեր իշխանությունները զբոսաշրջության շրջանակներում Ջերմուկի մոծակների դեմ դեռ չորս տարի առաջ են փորձել պայքարել: 2009-ին ՀՀ պետբյուջեից «ՀՀ ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Վայոց Ձորի մարզային փորձագիտական կենտրոն»-ին հատկացվել է մոտ 53 հազար դոլար, որի շրջանակներում իբր 52 հեկտար տարածքում խոտհունձ է կատարվել, փորվել են դրենաժներ, առուներ, եւ այդ ամենը` ընդամենը 6 հոգով, որոնցից 2-ը` կին, որոնք ստացել են յուրաքանչյուրը 100 հազար դրամ ամսական աշխատավարձ: Բացի այդ, իբր ձեռք են բերվել բազմաթիվ թունաքիմիկատներ, վառելիք, ինչպես նաեւ ջրամբարներում իբր բաց է թողնվել գամբուզիա տեսակի ձուկ, որը սնվում է մոծակների թրթուրներով: Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի եզրակացության՝ կատարողականով նկարագրված աշխատանքների միայն մի մասն իրականացնելու համար անհրաժեշտ կլիներ ծախսել մոտ 4.5 միլիոն դոլար: Այսպիսով՝ Ջերմուկում մոծակների դեմ պայքարի համար հատկացված 53 հազար դոլարի մեծ մասն ուղղակի գրպանվել է:
ԵՐԵՎԱՆՆ ԱՆԱՊԱՏԱՑՄԱՆ ԵԶՐԻՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ