ՄԱՐԶԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՊԱՅՔԱՐԵՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԻ ՀԱՄԱՐ
Հուլիսի 15-ին Մեքսիկայի Պուեբլո քաղաքում մեկնարկելու է թաեքվանդոյի աշխարհի առաջնությունը, որտեղ, խաղարկվող մեդալներից բացի, մարզիկները կպայքարեն նաեւ օլիմպիական վարկանիշային միավորներ վաստակելու համար:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն երեկ Մեքսիկայի Լալոմա քաղաք գործուղեց թաեքվանդոյի մեր առաջատար վարպետ, Լոնդոնի օլիմպիական խաղերում հինգերորդ տեղը զբաղեցրած Արման Երեմյանին (80 կգ քաշային կարգ) եւ մարզիչ Վարդան Վարդանյանին: Նրանք 10-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնեն ծովի մակերեւույթից 2200 մետր բարձրության վրա գտնվող Լալոմայում, ուր արդեն ժամանել են շուրջ 50 երկրների պատվիրակներ: Համատեղ մարզումներից հետո մերոնք կմեկնեն Պուեբլո քաղաք` մասնակցելու աշխարհի առաջնությանը: Այնտեղ նրանք կմիանան Գեւորգ Դանիելյանի գլխավորած Հայաստանի հավաքականին:

ՄԵԿՆԱՐԿԸ ՏՎԵՑ «ՇԻՐԱԿ»-Ը
Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի 2 հանդիպումներով երեկ մեկնարկեց ֆուտբոլի եվրագավաթների հերթական խաղարկությունը: Հայաստանի թիմերից առաջինը մրցասպարեզ ելավ «Շիրակ»-ը` Գյումրիում մրցելով Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենե»-ի հետ: Խաղն ավարտվեց 3:0 հօգուտ «Շիրակ»-ի:
Եվրագավաթների 2013-2014թթ. խաղարկության որակավորման 1-ին փուլերում հանդես կգան հայկական 4 թիմեր: Հուլիսի 4-ին կայանալիք Եվրոպայի լիգայի «Գանձասար»-«Ակտոբե» խաղը տեղի կունենա Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում եւ  կհեռարձակվի Հ1-ով ժամը 19-ին: Նույն օրը կայանալիք «Ռուդար»-«Միկա» եւ «Տետեքս»-«Փյունիկ» հանդիպումները հայկական հեռուստաընկերություններով չեն հեռարձակվելու:
Անկախացումից հետո Հայաստանի ֆուտբոլային ակումբները եվրագավաթների մրցաշարերին մասնակցում են 1994թ.-ից: Այդ տարի անկախ Հայաստանը եվրագավաթներում առաջինը ներկայացնելու պատվին արժանացավ Երեւանի «Արարատ»-ը, որը 1970-ականներին բավական հաջող ելույթներ էր ունեցել եվրոպական գավաթների խաղարկություններում: ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության նախնական փուլում արարատցիները երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջեցին բուլղարական ԲԿՄԱ-ին (0:3, 0:0)…
Եվրագավաթներում մեր ակումբների ելույթների ընդհանուր վիճակագրությունը բավական տխուր է. 160 հանդիպումներում Հայաստանի ներկայացուցիչները տոնել են ընդամենը 24 հաղթանակ, 25 խաղ ավարտել են ոչ-ոքի, 111-ում պարտվել: Մեր ֆուտբոլիստները մրցակիցների դարպասները գրավել են 106 անգամ, սեփական դարպասն են բաց թողել 324 գնդակ: Մեր թիմերի խփած 106 գոլերի հեղինակներ են դարձել 72 ֆուտբոլիստներ: Բոլորից արդյունավետ է գործել շիրակցի Արարատ Հարությունյանը` խփելով 5 գոլ: 4-ական գնդակ են խփել Արամ Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը: 3-ական գոլի հեղինակ են դարձել Արմեն Սանամյանը, Արմեն Շահգելդյանը, Ռաֆայել Նազարյանը, Արման Քարամյանն ու Արշակ Ամիրյանը:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս