Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ «Համազգային վստահություն» խորհրդի կազմակերպած Տարվա լավագույն բժիշկ եւ բուժհիմնարկ «Հուսո աստղ» երկրորդ մրցանակաբաշխությունը, որն ուղեկցվեց շքեղ համերգային շոու ծրագրով:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել եւ հավուր պատշաճի գնահատել առողջապահության ոլորտում իրենց ձեռքբերումների ու եռանդի շնորհիվ ազգաբնակչության գնահատականին արժանացած լավագույն մասնագետներին ու կազմակերպություններին: Հատկանշական է, որ «Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի նորագույն մեթոդների տարվա լավագույն ներդրող» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ «Էրեբունի» ԲԿ ծննդօգնության գծով փոխտնօրեն, բ.գ.թ. դոցենտ Անդրանիկ Պողոսյանը: Բժիշկ, որը մեծ ճանաչում է վայելում ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Նկատենք, որ իր գիտելիքների ու մասնագիտական բարձր որակավորման շնորհիվ Ա. Պողոսյանն արժանացել է իրեն ճանաչողների վստահությանն ու հարգանքին: Թե՛ հղի կանայք, թե՛ գինեկոլոգիական խնդիրներ ունեցողներն Ա. Պողոսյանի ղեկավարած բաժանմունքում ստանում են որակյալ բուժօգնություն: Ու պատահական չէ, որ սիրված բժշկին ու իր գործի նվիրյալին մրցանակը հանձնեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Ալլա Լեւոնյանը: Երգչուհին, ի դեպ, սպասում է իր երրորդ երեխային, իսկ նրա հղիության ընթացքը հսկում է Ա. Պողոսյանը:
«Ժողովուրդ»-ը զրուցեց երգչուհի Ալլա Լեւոնյանի հետ. «Մեկ տարի առաջ առողջական խնդիր ունեցա եւ պետք է հետազոտվեի «Էրեբունի» ԲԿ-ում: Ես, ճիշտն ասած, Ա. Պողոսյանին դեռ չէի ճանաչում, սակայն այնպես ստացվեց, որ իմ վիրահատությունն ինքը կատարեց, եւ անձամբ զգացի, թե որքան բարյացակամ ու թեթեւ ձեռք ունեցող բժիշկ է նա, ու շատ ուրախ եմ, որ հանգամանքների բերումով ճանաչեցի իրեն: Ու երբ դրանից կես տարի հետո իմացա, որ բալիկի եմ սպասում, բնականաբար ցանկացա լինել Ա. Պողոսյանի հսկողության ներքո: Ասեմ, որ ես երբեւէ խնդիր չեմ ունեցել որեւէ բժշկի հետ, ուղղակի ճանաչելով Ա. Պողոսյանին, երրորդ բալիկիս ծնունդը, որը երկու շաբաթ հետո լույս աշխարհ է գալու, վստահեցի նրան: Եվ երբ մրցանակաբաշխության կազմակերպիչները առաջարկեցին, որ ես հանձնեմ մրցանակը, մեծ սիրով համաձայնեցի: Ձեր թերթի միջոցով նրան մաղթում եմ առողջություն, երջանիկ տարիներ եւ արգասաբեր աշխատանք»:
Նշենք, որ մրցանակաբաշխության ժամանակ «Տարվա լավագույն բուժհիմնարկ» անվանակարգում «Հուսո աստղ» մրցանակին արժանացավ «Էրեբունի» ԲԿ-ն:
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ