Շարունակում ենք հարցախույզը, թե ով որտեղ եւ ինչպես է պատրաստվում անցկացնել իր ամառային արձակուրդները: Այս անգամ կպարզենք հաղորդավարուհի ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԻ ու երգչուհի ԱՐՄԻՆԿԱՅԻ ամառային հանգստի ծրագրերը:
ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ
-Վիճակն էնպես է, որ ես չեմ կարողանում ոչինչ կազմակերպել: Հետաքրքիր բան չեմ կարող ասել, քանի որ ինքս էլ դեռ չգիտեմ՝ ինչ է սպասվում ինձ այս ամառ: Սովորաբար իմ ամառն աշխատանքային է լինում, մի քիչ ինձանից կախված չէ, գործիս բնույթն այնպիսին է, որ հստակ հանգստի ժամկետներ ունենալ չեմ կարող: Մեծ մասամբ ընտանիքիս հետ եմ լինում ու հնարավորինս իրենց համար կազմակերպում եմ այնպես, որ գոնե մոտ վայրերում լինեն, որ ես էլ կարողանամ նրանց մոտ գնալ: Հիմնականում Սեւանում են լինում կամ Դիլիջանում: Իսկ աշխատանքից լիարժեք կտրվել չեմ կարողանում:
-Ընկերների հե՞տ էլ չի ստացվում որեւէ տեղ մեկնել:
-Քանի որ ընկերներս էլ նույն բնագավառից են, չենք կարողանում միասին հանգստի գնալ: Եթե գործի հետ համատեղում ենք, ասենք՝ ինչ-որ համերգի ենք գնացել կամ ուրիշ առիթ է, հնարավոր է: Բայց միեւնույն է, դա էլ լիարժեք հանգիստ չէ: Ստացվում է՝ մենք չենք հանգստանում: Տխուր է մեզ մոտ ամեն ինչ, կողքից է նախանձելի թվում, իրականում աշխատատար մասնագիտություն է:
ԱՐՄԻՆԿԱ
-Առայժմ ոչինչ չենք որոշել, տեսնենք՝ ինչպես կլինի, կախված է քրոջս աշխատանքային գրաֆիկից, երբ ժամանակ կունենա, կմեկնենք կամ էլ նա մեզ քիչ ուշ կմիանա:
-Ե՞րբ եք նախատեսել Ձեր հանգիստը:
-Դա կլինի հավանաբար հուլիս-օգոստոս ամիսներին: Ալեքսի ծնունդից հետո մենք սովորաբար ծով ենք մեկնում: Երեխայի հետ նախընտրելի են ծովափնյա երկրները: Անցած եւ նախանցած տարի Դոմինիկյան Հանրապետություն էինք մեկնել: Այս տարի այդքան հեռու չենք գնա, որովհետեւ Ալեքսը հոգնում է թռիչքներից ու խնդրում է, որ գոնե մի ինքնաթիռով ճամփորդենք: Վերջերս ենք ԱՄՆ-ից վերադարձել:
-Ստացվո՞ւմ է ամեն տարի մեկնել որեւէ տեղ:
-Ես ինչքան ինձ հիշում եմ, իմ ընտանիքում ընդունված է եղել, որ մենք ամեն տարի ամռանը գնացել ենք հանգստանալու, հիմա նույն կերպ ես եմ վարվում: Մենք ամբողջ ընտանիքով սիրում ենք ճամփորդել ու հնարավորության դեպքում տարվա ընթացքում որեւէ երկիր ենք մեկնում, նոր բաներ տեսնում, բացահայտում… Իսկ որդուս ծնունդից հետո ծովը պարտադիր է, մանավանդ մեր երկրի պես կլիմա ունեցող երկրի բնակիչների համար: Ծովի ջուրն ու ավազը նպաստում են, որ երեխան հնարավորինս քիչ հիվանդանա ձմռանը:
-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենատպավորիչ հանգիստը:
-Վերջին տարիներին Ալեքսի հետ ենք անցկացնում մեր հանգիստը, բայց ամենատպավորիչն ու հետաքրքիրն այն տարին էր, երբ իմ 18 տարին պետք է լրանար, ու պապաս մորաքրոջս ընտանիքի հետ ինձ ուղարկեց ծովային ճամփորդության: Դա իմ առաջին ինքնուրույն ճամփորդությունն էր առանց ընտանիքի: Մենք Սեւ ծովով շրջագայում էինք` Օդեսայից սկսեցինք, Սոչի, Յալթա… Դա Սովետական միության օրոք ամենաշքեղ նավերից մեկն էր ու ամենալավ կրուիզներից մեկը, որ ես գնացի: Այդ կրուիզը նաեւ լավ եմ հիշում, որովհետեւ մենք այդ ժամանակ Սոչիում էինք, երբ Գորբաչովի հեղափոխությունը տեղի ունեցավ, ու մենք մի կերպ հասանք Երեւան, չեմ հիշում, թե ինչ ճանապարհներով: Ինքնաթիռներ չկային, փակվեցին օդակայանները, ու մենք հրաշքով հասանք տուն: Մեր հանգստի արդեն կեսից, երբ սկսվեց հեղափոխությունը, հայերի եւ վրացիների մեծ մասը, մեղմ ասած, փախան, որովհետեւ հասկացան, որ հետ գալը դժվար է լինելու, իսկ մորաքրոջս ամուսինը պնդեց, որ մենք պետք է վայելենք մեր հանգիստը մինչեւ վերջին օրը: Բայց վերջում սարսափելի ճանապարհներով հասանք Երեւան:
-Մեկնելիս առաջինը ի՞նչն եք դնում ճամպրուկի մեջ:
-Վերցնում եմ ամենաանհրաժեշտ իրերը` նայած ինչ երկիր ենք մեկնում, բայց պարտադիր տեսախցիկ, վիդեոխցիկ: Գիրք վերցնում եմ, որովհետեւ ես կարդացող եմ, թեեւ ժամանակ չեմ ունենում դրա համար, որովհետեւ նույնիսկ լողափում անընդհատ հետեւում եմ Ալեքսին: Վերցնում եմ նաեւ համակարգիչ, iPad, որ որդիս մուլտեր նայի, խաղ խաղա… Այս վերջին տարիներին նկատել եմ, որ դարձել եմ պասիվ հանգստի սիրահար: