ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՆՈՒՆՈ՛Վ ԿՈՉԵՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաշխարհային հռչակ ունեցող մի շարք արվեստագետներ` Վալերի Գերգիեւը, Մայա Պլիսեցկայան, Ռոդիոն Շչեդրինը, Ալեքսեյ Սիմոնովը, Յուրի Բաշմետը, Ալեքսանդր Թորաձեն, Կոնստանտին Օրբելյանը, Գիյա Կանչելին, ինչպես նաեւ՝ Սերգեյ Համբարձումյանը, Տիգրան Մանսուրյանը, Պերճ Զեյթունցյանը, Էդուարդ Թադեւոսյանը, Կարեն Դուրգարյանը, Սոս Սարգսյանը եւ Հովհաննես Չեքիջյանը նամակով դիմել են Սերժ Սարգսյանին:
«Ընդունեք մեր խորին ցավակցությունները տաղանդավոր կոմպոզիտոր եւ հասարակական գործիչ, իրական հայ Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ: Նրա երաժշտական շեդեւրները դեռ երկար չեն իջնի համաշխարհային բեմերից, իսկ նրա ավանդը Հայաստանի մշակութային կյանքում դժվար է գերագնահատել»,-ասված է նամակում: Իհարկե, զարմանալի է, որ արվեստագետները կոմպոզիտորի մահվան կապակցությամբ Ս. Սարգսյանին ցավակցում են Էդ. Միրզոյանի մահվանից գրեթե 9 ամիս անց (կոմպոզիտորը մահացել է 2012թ. հոկտեմբերի 5-ին` 91 տարեկանում), սակայն շարունակենք կարդալ նամակը: Այնտեղ ասվում է, որ իր երկար ու բեղմնավոր կյանքի ընթացքում կոմպոզիտորը շատ բան է ստեղծել, բայց այդ ամենի շարքում «յուրահատուկ եւ կարեւոր տեղ է զբաղեցնում իր իսկ նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ ստեղծված կոմպոզիտորների ստեղծագործական տունը Դիլիջանում»:
Ըստ նրանց՝ ժամանակին ստեղծագործական տունը միջազգային մշակութային կենտրոն էր, ուր հանգստանալու եւ ստեղծագործելու համար գալիս էին Չինգիզ Այթմատովը, Մարսել Մարսոն, Բենջամին Բրիտտենը, Դմիտրի Շոստակովիչը, Արամ Խաչատրյանը, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Մարտիրոս Սարյանը եւ համաշխարհային մշակույթի այլ վառ գործիչներ, «իսկ իր կողմից կառուցված Բեթհովենի անվան համերգային դահլիճի ակուստիկան համեմատելի է համաշխարհային համերգային դահլիճների հետ»: Այս ամենը հաշվի առնելով` արվեստագետները Ս. Սարգսյանին խնդրում են Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունն անվանել Էդվարդ Միրզոյանի անունով, քանի որ «դա արժանի քայլ կլինի հավերժացնելու այն մարդու անունը, ով կառուցել է այս կոմպլեքսը, ինչպես նաեւ կօգնի վերադարձնել արվեստի այս օջախին իր սկզբնական բնույթն ու ֆունկցիոնալությունը»:
Անմիջապես աչքի զարնեց, որ նամակը ստորագրողների թվում չկար Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանի անունը, ուստի զանգահարեցինք նրան` պարզելու պատճառը: Պարոն Ամիրխանյանը խորհուրդ տվեց նամակի հեղինակներից ճշտել, թե ինչու չեն դիմել իրեն կամ միության վարչություն: Միության նախագահը չցանկացավ մեկնաբանել այդ նախաձեռնությունը, սակայն պարզ է, որ այդ քայլն ապտակ էր՝ ուղղված կոմպոզիտորների միության ղեկավարությանը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս