ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մեծ պահքի օրերին թույլատրվո՞ւմ է իրականացնել մկրտության եւ պսակադրության արարողություն:

Քնար Առաքելյան (28 տարեկան, վարսահարդար)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայ առաքելական սուրբ եկեղեցու կանոնների համաձայն՝ մկրտությունը կատարվում է 8 օրականում: Կանոնը ենթադրում է, որ եկեղեցական տոնացույցից անկախ, այդ թվում նաեւ Մեծ պահքի ժամանակ, մկրտությունը պետք է տեղի ունենա 8-րդ օրը: Սա նշանակում է, որ մեր՝ քրիստոնյա հասարակության մեջ այս կանոնը որպես բացարձակ օրենք պետք է պահպանվեր: Սակայն դա ամենեւին այդպես չէ: Այս հարցն օրինաչափ է, որովհետեւ շատ քչերն են հետեւում կանոնին: Հանկարծ իր «հեղինակավոր կարծիքը» կասի պառավական նախապաշարումներով զինված տատիկը, թե «քառասունքը պետք է անցնի, նոր մկրտենք» եւ այլն:
Մեծ պահքի ժամանակ եւ ընդհանրապես մկրտության նախապատրաստությունն անհրաժեշտ է: Հոգեւոր կյանքում ավտոմատ կերպով ոչինչ չի կատարվում: Անհրաժեշտ է, որ չափահաս մկրտվողը մտածի իր հոգեւոր կյանքի մասին եւ նախապես դիմի հոգեւորականին մկրտվելու համար, որ ոչ թե ամուսնանալու իրավունք ստանալու համար, այլ Աստծո արքայության փափագով ամենայն պատասխանատվությամբ մկրտության պատրաստվելու համար: Գիտակցաբար ապրի եկեղեցու քրիստոնեական ավանդույթներին համապատասխան, մասնակցի պատարագներին՝ Սուրբ հաղորդության խորհրդին: Սա նշանակում է, որ չափահասը պետք է Մեծ պահքի ընթացքում քահանայի հսկողությամբ աղոթքով, պահքով եւ հոգեւոր ընթերցանությամբ նախապատրաստվի եւ ապա գա մկրտության, իսկ թե երբ կմկրտվի, թող քահանան ինքը որոշի: Եթե մկրտություն կամ պսակադրություն եք ուզում կազմակերպել, օրը դուք մի՛ որոշեք, դիմե՛ք քահանային, թող ինքը որոշի, թե երբ մկրտի կամ պսակադրի: Կարեւորը մկրտվողներն ու պսակադրվողներն են, ոչ թե նրանց համար ուրախացողները: Այս իմաստով թե՛ մկրտվողները եւ թե՛ պսակադրվողները պետք է նախապատրաստվեն:

Օրհնությամբ՝ տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բավական տպավորիչ է ներկայացված մկրտվելու եւ պսակադրվելու արարողությունների կարգը: Անկախ ամեն ինչից՝ ցանկալի է, որ յուրաքանչյուր քրիստոնյա լինի մկրտված՝ դրանով իսկ կարեւորելով քրիստոնեական ավանդույթները:




Լրահոս