ՀԱՐՑ. Ի՞նչ կարգով է գրավի առարկայի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածվում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր պատշաճ ձեւով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկել սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: Բռնագանձման ծանուցումը պարտապանին պատշաճ ձեւով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնել իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաեւ խելամիտ քայլեր ձեռնարկել գրավի առարկան պահպանելու, սպասարկելու եւ դրա անվտանգությունն ապահովելու համար:
Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնել գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն եւ գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով: (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդված):
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանում բռնագանձման կարգը հնարավորինս պարզ բացատրված է: Մնում է, որ ամեն մեկն իր հերթին խելամիտ գտնվի եւ զերծ մնա նմանատիպ քաշքշուկներից: