Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինն օրեր առաջ «Военно-промышленный курьер» պարբերականում հրապարակել էր «Ֆորպոստ` հարցերով» վերնագրով հոդվածը, որտեղ մանրամասնորեն ներկայացրել էր ՀՀ եւ ԼՂ զինված ուժերի վերաբերյալ մի շարք գաղտնի տեղեկություններ:
«Ժողովուրդ»-ն այս առնչությամբ զրուցել է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, պատմաբան Արա Պապյանի հետ:
-Պարո՛ն Պապյան, նախօրեին ռուսական լրատվամիջոցներից մեկում հրապարակվեց Ա. Խրամչիխինի «Ֆորպոստ` հարցերով» հոդվածը, որտեղ մանրամասնորեն ներկայացվեց ՀՀ եւ ԼՂ զինված ուժերին վերաբերող գաղտնի տեղեկություններ: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ է նշանակում, արդյո՞ք Ռուսաստանն այսկերպ փորձում է շանտաժի ենթարկել Հայաստանին:
-Հարցը պետք է բաժանենք երկու մասի. մի մասը այն է` արդյոք նման հրապարակումը բացահայտում է ռազմական գաղտնիքներ, թե ոչ: Պետք է ասեմ, որ լայն առումով չի բացահայտում: Վիեննայում կենտրոն կա, որտեղ պարբերաբար ներկայացնում ենք այդ տվյալները: Այսինքն՝ այդ հրապարակումների զգալի մասը բաց են, եւ շատ հեշտ է դա գտնելը: Հարցի երկրորդ մասը հետեւյալն է՝ ինչքան էլ որ դա այդպես է, բնավ ցանկալի չէ, որ դաշնակիցը եւ նրա մասնագետը նման հրապարակումներ անեն: Սրա մեջ ոչ թե տեսնում եմ որեւէ գաղտնիքի բացահայտում, այլ հրահրելու միտում: Մեր պաշտպանության նախարարությունն այս ամենին արձագանքեց եւ ճիշտ արեց: Ընդհանրապես պետք է ՀՀ ՊՆ-ն եւ ԱԳՆ-ն ցանկացած հրապարակումից, ելույթից հետո, որը մեր շահերին է վերաբերում, արձագանքեն: Պաշտոնյա մարդիկ են հարցազրույցներ տալիս, Հայաստանի հասցեին ինչ-որ բաներ են ասում, բայց մեր մոտից արձագանք չի լինում: Անպայման պետք է արձագանքեն:
-Այնուամենայնիվ, այդ հրապարակումը ռուսական մամուլում հայտնվեց Սերժ Սարգսյանի` Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, արդյո՞ք սա ինչ-որ ուղերձ էր Ռուսաստանի կողմից, եւ որքանո՞վ պետք է դրա կապակցությամբ հայկական կողմը մտահոգվի:
-Ռուսները ունեն 100 տեսակի օրինական ճանապարհ այս ամբողջն իմանալու, որովհետեւ այդ զենքի մեծ մասն իրենք են մեր վրա ծախում: Չմոռանանք նաեւ, որ ռուսները Հայաստանում ունեն լրտեսներ: Ինչու եք կարծում, որ ռուսները չեն լրտեսում Հայաստանում, կամ մեր պաշտոնյաների զգալի մասը ռուսական լրտես չի` լինի «կագեբեի», լինի ռազմական հետախուզության եւ այլն: Ես վստահ եմ՝ եթե համեմատենք ուրիշ երկրների հետ, ապա կտեսնենք, որ ամենաշատ լրտեսները Ռուսաստանը ունի Հայաստանում: Այնպես որ, ռուսների համար դա հարց չէ:
Արփինե Թովմասյան