Armenian text to speach

ԿԱՅԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թեեւ հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված   անակնկալները գրեթե բացառվում են, քանի որ, ինչպես հայտնի է, այդ երկրի Սահմանադրության մեջ արված փոփոխությամբ Իլհամ Ալիեւն ամրագրել է արդեն երրորդ անգամ առաջադրվելու իր իրավունքը, այդուհանդերձ, հայտնի գրող,  կինոսցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովի հայտնությունը որպես նախագահի թեկնածու, ոմանց մոտ սպասելիքներ առաջացրեց   նախագահական ընտրություններից: Նախօրեին  էլ հայտնի դարձավ, որ Իբրահիմբեկովին առաջադրելու է  նորաստեղծ ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որում ընդգրկված են Ադրբեջանի գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունները: Այսինքն` Ռուստամ Իբրահիմբեկովը առաջադրվելու է որպես Ադրբեջանի ընդդիմության միասնական թեկնածու:  
Նա, ինչպես հայտնի է, վերջին տարիներին  հրապարակավ սուր քննադատության էր ենթարկում ալիեւյան կլանին, ինչի արդյունքում էլ մոտ երկու տարի առաջ ստիպված եղավ հեռանալ Ադրբեջանից եւ բնակություն հաստատել Ռուսաստանում: Ուշագրավ է, որ իբրեւ Իբրահիմբեկովի նախընտրական կամպանիայի  հովանավորներ՝ նշվում են  անցած տարի սեպտեմբերին հիմնադրված Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության կամ ինչպես այն կոչում են` «Ադրբեջանի միլիարդատերերի ակումբի» առանցքային դեմքերի անունները, այդ թվում եւ` Իլհամ Ալիեւի խնամի Արազ Աղալարովի, որի հետ Ալիեւները, բացի խնամիական կապերից, նաեւ հսկայական համատեղ բիզնես ունեն:  Ինչեւէ, անկախ այն  բանից՝ կկարողանա Իբրահիմբեկովը  հաջողության հասնել նախագահական մրցապայքարում, թե ոչ, արդեն իսկ այն փաստը, որ  Ադրբեջանի  ընդդիմությունը միավորվել է  եւ որպես թեկնածու է ընտրել   հայտնի մտավորականի, բավականին դրական տպավորություն է ձեւավորում: Իսկ օրինակ Հայաստանում  վերջին նախագահական ընտրություններից առաջ, չնայած մի քանի ուղղություններով ընթացող «քաղաքական կոնսուլտացիաներին», այդպես էլ  չհաջողվեց  ընդդիմության միասնական թեկնածու ընտրել անգամ որեւէ կարկառուն քաղաքական գործչի,  էլ ուր մնաց` որեւէ մտավորականի: Առհասարակ, այն երեւույթը, որ օլիգարխը պատրաստ է իր փողերը ներդնել մտավորական մարդու քաղաքական պայքարի համար, անկախ ամեն ինչից, քաղաքական առավել կայացած մշակույթի մասին է խոսում: Մինչդեռ մեզանում, ինչպես հիշում ենք, օլիգարխ քաղաքական գործիչները պատրաստ են փող ներդնել բացառապես սեփական թեկնածության  քարոզչության համար: Եվ այն, որ օրինակ ադրբեջանցի մեծահարուստը պատրաստ է, թեկուզ ֆորմալ առումով, որպես նախագահի պոտենցիալ թեկնածու տեսնել  հայտնի մտավորականի եւ ոչ թե հենց իրեն, խոսում է առողջ  մտածողություն ունեցող ադրբեջանական օլիգարխիայի առկայության մասին:
Հ.Գ. Ի դեպ, Ռուստամ Իբրահիմբեկովը տարբեր առիթներով բավականին տոլերանտ հայտարարություններ է արել` կապված հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության հետ:




Լրահոս