«Ժողովուրդ»-ը գրել էր, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հայրը` Ռադիկ Օհանյանը, հայտնվել է դատարանում: 2015 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության Կապանի մասնաճյուղում ստուգումներ են իրականացվել, ինչի արդյունքում մոտ 8 միլիոն դրամի չափով յուրացումներ էին հայտնաբերվել:
Ավելի ուշ այս գործով կալանավորվել էր կենտրոնի տնօրեն Դավիթ Համբարձումյանը, որը, ըստ սյունեցիների, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի մտերիմներից է, եւ հենց նա է մեծ դեր խաղացել տնօրեն դառնալու գործում: 2015 թվականի սեպտեմբերի 22-ին այս գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան եւ, ինչպես պարզեցինք, բացի Դավիթ Համբարձումյանից՝ դատարանի առաջ են կանգնել եւս 4 անձինք` Ռադիկ Օհանյանը, Սիրվարդ Մինասյանը, Ժաննա Պողոսյանը, Էդգար Համբարձումյանը:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հայրը՝ Ռադիկ Օհանյանը, եղել է կենտրոնի պահեստապետը: Եւ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ, լինելով պաշտոնատար անձ, կեղծ ֆակտուրաներ է կազմել: Իսկ ո՞վ է քննում գործը:
Դատավորը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանն է, որը Ռադիկ Օհանյանի ազգականն է: Բայց նա ոչ միայն ինքնաբացարկ չի հայտնել, այլեւ այս գործով մի քանի դատական նիստեր է անցկացրել: Ասել է, թե ազգականներով, բարեկամավարի փորձել են Ռադիկ Օհանյանի հարցերը կարգավորել եւ «ջրից չոր հանել»:
Երբ այս մասին «Ժողովուրդ»-ը հրապարակեց, աղմուկը անասելի մեծ էր: Օրերս տեղեկացանք, որ գործը մակագրվել է մեկ այլ դատավորի: Այսուհետեւ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանի հոր պաշտոնական կեղծիքի գործը կքննի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը:
Դատական համակարգին մեզ մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը զեկուցագիր է գրել` հայտնելով, որ հերթական ամենամյա արձակուրդի է գնում, ուստի խնդրում է գործը այլ դատավորի փոխանցել:
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Տեղեկացանք, որ տարբեր փաստաթղթեր կազմած աշխատակիցները, որոնք գործով անցնում են, իրենց ստորագրության մասով ուշագրավ մանրամասներ են հայտնել: Իրավապահները դժվարացել են «գլուխ հանել», ինչի համար մեղադրող դատախազը միջնորդել է դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել` հասկանալու, թե ով ինչպես է կազմել փաստաթղթերը, եւ, ի վերջո, ով է ստորագրել գլխավոր փաստաթղթերը: «Ժողովուրդ»-ը դեռ կհետեւի այս գործի մանրամասներին:
Քնար Մանուկյան