ԼՂ-Ն ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ԲԱԼԱՆՍԸ ՉԻ ԽԱԽՏՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ ստեղծված աղմուկը, ըստ էության, ստվերեց կարեւոր մեկ այլ իրադարձություն. խոսքը ՌԴ-ի կողմից Ադրբեջանին 1  մլրդ դոլարի զենքի վաճառքի գործարքի մասին է: Ընդ որում, Ադրբեջանին վաճառված զենքերը, ըստ մասնագետների, համարվում են վտանգավոր ու նախատեսված են նաեւ խաղաղ բնակչության ոչնչացման համար: Խոսքը, տվյալ դեպքում, T-90 տանկերի, հրետանային ու հրթիռային համակարգերի մասին է:
Տրամաբանական կլիներ, եթե ռուս-ադրբեջանական գործարքին արձագանքեր նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որովհետեւ Ադրբեջանն այդ զենքերն օգտագործելու դեպքում դրանք առաջին հերթին կուղղի հենց Արցախի դեմ: Այնինչ ղարաբաղյան կողմը, ընդհակառակը, այս թեմայի վերաբերյալ գերադասում է լռել` տպավորություն ստեղծելով, թե իբր այդ հարցն իր հետ որեւէ կապ չունի: Երեկ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե իրենք ինչպես են վերաբերում ռուս-ադրբեջանական ռազմական գործարքին: Պարզվեց` շատ հանգիստ: «Մենք մտածում ենք, որ դա քաղաքական գործարք չէ: Կարծում եմ՝ դա զուտ բիզնես գործարք է եւ մեր մեկնաբանությունների կարիքը չունի»,-ասաց Բաբայանը: Իրենց այս հանգստությունը ԼՂՀ նախագահի խոսնակը մեկնաբանեց այն հանգամանքով, որ ռուս-ադրբեջանական գործարքը չի ազդի տարածաշրջանում ռազմական հավասարակշռության վրա: Բացի այդ, ըստ Բաբայանի, հայկական կողմը ունի Ադրբեջանի ունեցած զինատեսակների առնվազն հակակշիռը: «Նույն Ռուսաստանն ու այլ պետություններ միգուցե ավելի մեծ ծավալներով գործարքներ են կնքում Ադրբեջանի հետ, եւ չենք կարծում, որ դա ուղղված է Արցախի կամ Հայաստանի դեմ: Սա պարզապես բիզնես գործարք է»,-նշեց նա: Սակայն նկատենք, որ սա ամենեւին էլ հասարակ գործարք չէ. ՌԴ-ն զենք է վաճառել մի երկրի, որը Հայաստանի եւ Ղարաբաղի հետ գտնվում է փաստացի պատերազմի մեջ: «Հասկանում եմ, որ այդպիսի մտահոգություն կա, բայց այս պահին խնդիրը զենքի քանակի մեջ չէ: Եթե Ադրբեջանը ուզենա հարձակվել, ապա առանց այդ զենքի էլ կհարձակվի,-ասաց նա` հավելելով,-բացի այդ, սա այն զենքը չէ, որ արմատապես փոխի իրավիճակն ու Ադրբեջանին դարձնի ավելի հզոր կամ նախաձեռնողական: Ամենեւին էլ այդպես չէ: Նույնիսկ այս դեպքում բալանսը պահպանված է»:
Ի տարբերություն ԼՂՀ նախագահի խոսնակի՝ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, որը նախկինում եղել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալը, մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ: «Առավոտ»-ի հետ զրույցում օրերս նա ասել է, թե Ադրբեջանը ձեռք է բերում զինատեսակներ, որոնք նախատեսված են խաղաղ բնակչության ոչնչացման համար, իսկ դա բերում է նաեւ խուճապի: «Այստեղ է, որ մենք մտածելու խնդիրներ ունենք, մեր քաղաքական գործիչները, մեր բարեկամ պետությունները, մեր բարեկամ երկրների քաղաքական գործիչները պետք է բարձրաձայնեն, որ Ռուսաստանը վաճառել է Ադրբեջանին այնպիսի զինտեխնիկա, որը նախատեսված է խաղաղ բնակչություն ոչնչացնելու համար: Վստահ եմ, որ ՀՀ-ում եւ Արցախում էլ գտնվելու են քաղաքական գործիչներ, որոնք իրական գնահատական են տալու այդ գործարքին: Այս առումով համարում եմ մեր կյանքում ցավալի իրադարձություն, որ մեր ռազմավարական հարեւանը խաղաղ բնակչությանը ոչնչացնելու զենք է վաճառում մեր հակառակորդին»,-ասել է նա:
Մինչ այդ, ռուս-ադրբեջանական գործարքի մասին անհանգստություն է արտահայտել Միջազգային ճգնաժամային խումբը` արձանագրելով իրավիճակի վատթարացում: Իր վերջին զեկույցում, մեջբերելով կողմերի ռազմատենչ հայտարարությունները, ՄՃԽ-ն փաստում է, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին զուգահեռ աճում է նաեւ լարվածությունը: Բացի այդ,  ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը վաղուց չեն հանդիպել բանակցային սեղանի շուրջ, ինչը, ըստ փորձագետների, նշանակում է, որ երկու երկրների ղեկավարները կացության թուլացման նպատակով մի նոր երկկողմ հանդիպում անցկացնելու ցանկություն չեն դրսեւորում :
Հ.Գ. Եւս մեկ կարեւոր հանգամանք. Ադրբեջանին վաճառված զինատեսակների մեջ առանձնանում է «Սմերչ» անվանումով հրետանային համակարգը: Ըստ «Վիքիպեդիա» ինտերնետային հանրագիտարանի` Ադրբեջանն ունի 30 հատ «Սմերչ», որոնք ձեռք է բերել 2004թ. սկսած` նախ Ուկրաինայից, այնուհետեւ` ՌԴ-ից: Հարեւան Վրաստանն ունի 3 հատ «Սմերչ»: Իսկ ահա Հայաստանը «Սմերչ» ունեցող երկրների ցանկում չկա:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս