ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՀԱՆՋՎՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՐԴՆԵՐ
Երեւանի քաղաքապետարանը ներքաղաքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար աշխատանքի է հրավիրում «D» կարգի վարորդական վկայական ունեցող փորձառու վարորդների: Աշխատանքային պայմաններին ծանոթանալու համար զանգահարել (010) 67-44-30 կամ (093) 46-85-00 հեռախոսահամարներով:

ԼԻՍԿԱՅԱՊԱՏՈՒՄ
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանն «Առավոտ»-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին նոր տեղեկություններ է ներկայացրել: «Լիսկան հայ ժողովրդից հափշտակել է 200 միլիոն դոլարից ավելի հարստություն:  Սուրիկ Խաչատրյանը, երբ 1990 թվականին ներկայացավ Գորիս քաղաք, ուներ ընդամենը 2-սենյականոց անշուք 1 բնակարան  եւ մեկ «Վազ 2106» մակնիշի մի քանի տարվա մեքենա: Թվարկեմ, թե դրանից հետո ինչեր է ձեռք բերել: Գորիսի առանձնատունը` հազարավոր գծամետր սրբատաշ բազալտից կառուցված,  ձեռք է բերել Գորիսի սուրբ Գրիգոր Լուսավորիչ գմբեթի համար հանգանակված ֆինանսական միջոցների հաշվին: Կառավարության որոշմամբ փակել է Դավիթ-Բեկի անվան փողոցի մի հատվածը եւ դարձրել իր առանձնատան բակ, ուր տեղի է ունեցել հանրահայտ ծանրագույն ոճրագործությունը: Սեփականացրել է եւ իր առանձնատանն է միացրել Գորիսի քաղաքային նորակառույց բաղնիքը»,-նշել է Հարությունյանը:

50 ԴՐԱՄ` ՄԵԿ ԿԳ ԾԻՐԱՆԻՆ
altv.am-ի փոխանցմամբ՝ «Նոյան» հյութերի գործարանում դեռ շարունակում են հերթեր գոյանալ: 200-ից ավելի ծիրանով բեռնված ավտոմեքենա սպասում է իր հերթին: Գործարանը ծիրանի 1 կիլոգրամը մթերում է 50 դրամով, կանխիկ վճարումով: «Նոյան» հյութերի գործարանը պարտավորվել էր մթերել 3000 տոննա ծիրան, որից 1800 տոննան արդեն մթերել է:

ԵԳԻՊՏՈՍԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է
Հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից։ «Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից եւ որեւիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետեւյալ հեռախոսահամարով՝ +202 27374157»,-ասված է արտգործնախարարության հաղորդագրությունում:

ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԴ ՔԵ՛Զ ՊԱՀԻՐ
«Ես իմ եւ նաեւ Հունգարիայի անունից ուզում եմ ներողություն խնդրել Սաֆարովի գործի հետ կապված կոնֆլիկտի համար»,-երեկ ՀՀ ԱԺ-ում հայտարարել է Հունգարիայի ՍԴ նախագահ Պետր Պաչոլայը: Նա նշել է, որ Սաֆարովի արտահանձնումից հետո Ադրբեջանում նրա հերոսացվելը զարմացրել է հունգար իշխանություններին. «Սաֆարովը շուրջ 6-7 տարի Հունգարիայում գտնվել է ազատազրկման մեջ: Եվ նրան արտահանձնելիս Հունգարիայի իշխանությունները կարծում էին, թե Ադրբեջանում եւս նա կգտնվի ազատազրկման մեջ` իր պատիժը շարունակելով այդ երկրում»:

ԿԻՐԱԶԵԿԵՆ
Հուլիսի 3-ից` ժամը 18:30-ից, Ալեք Մանուկյան 5/5 հասցեից Նախախորհրդարանը Երեւանում եւ նրա մերձակա շրջաններում սկսում է ամենօրյա իրազեկման երթեր անցկացնել՝ հուլիսի 12-ին` ժամը 19:30-ին, Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի մասին:




Լրահոս