ՀԵՌՈՒՍՏԱՄԵԿՆԱԲԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՊՈՐՏՖԵԼ ՆԱԽԱՐԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաչե Գաբրիելյանը ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվեց 2010թ. եւ միանգամից շատերի կողմից դարձավ ընդունելի պաշտոնյա, որովհետեւ սերում է մտավորականի ընտանիքից՝ ծնողները բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ են: Բայց, իհարկե, նրա կարիերայի ձեւավորման գործում մեծ ներդրում է ունեցել եղբայրը՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ նախագահի նախկին մամլո խոսնակ Վահե Գաբրիելյանը, որը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում նշանակալի դերակատարություն ուներ նախագահականում եւ հաճախ լուծում էր անգամ կադրային հարցերը:
Որպես ֆինանսների նախարար` Վաչե Գաբրիելյանը փոխարինեց Տիգրան Դավթյանին: Ոմանք պնդում էին, թե այս քայլով Սերժ Սարգսյանը կամենում էր թուլացնել վարչապետ Տիգրան Սարգսյանի դիրքերը` նրանից հեռացնելով մերձավոր թիմակիցներին: Այն, որ Տ. Դավթյանն այդպես էլ չկարողացավ ֆինանսների նախարար դառնալ, բոլորը գիտեն, բայց հազիվ թե Վ. Գաբրիելյանը կարող էր համարվել «հակավարչապետական», քանի որ նա երկար ժամանակ պաշտոնավարել էր Կենտրոնական բանկում: Գաբրիելյանը  ԿԲ-ում էր 1998թ.-ից, այսինքն` կարող էր լիարժեքորեն Տ. Սարգսյանի կադրը համարվել, քանի որ մինչ այդ մասնակցելով տարբեր միջազգային սեմինարների, ստանալով իսկապես լավագույն կրթություն` դեգերում էր մի տեղից մյուսը` մե՛րթ լինելով ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի փորձագետ, մե՛րթ հեռուստատեսությունում մեկնաբան եւ այլն:
Նրա ծնողներն ամեն ինչ արել էին, որպեսզի դառնար ասպիրանտ ու բանակում չծառայեր: Իսկ ահա 1998-ին էլ Գաբրիելյանը դարձավ ԿԲ նախագահի խորհրդական, ապա` խորհրդի անդամ եւ նախագահի տեղակալ: Նա ամերիկյան համալսարաններից մեկում ստացել էր դոկտորի աստիճան, եւ գուցե դա էր պատճառ հանդիսացել, որ «նորարարական» գաղափարներով տոգորված Տ. Սարգսյանը, ականջալուր նախագահականից եկող հրահանգներին, հենց Գաբրիելյանին դարձրեց ԿԲ խորհրդի անդամ, իսկ հետո էլ արդեն իր տեղակալ…
Վ. Գաբրիելյանը ԿԲ-ում հայտնի էր դարձել իր սարքած «դեբոշներով». շատերը չէին կամենում շփվել նրա հետ, որովհետեւ հաճախակի պոռթկում էր, կռիվներ սարքում: Նման մի դեպք էլ եղավ, երբ արդեն նախարար էր: Նա հրապարակավ կոնֆլիկտային վիճակ ստեղծեց Ազգային վիճակագրական պետական ծառայության պետ Ստեփան Մնացականյանի հետ, ինչին միջամտեց անգամ վարչապետը: Գաբրիելյանի նախարարական գործունեությունը  դժվար է հաջողված համարել, որովհետեւ նա երբեք չկարողացավ ճիշտ կռահումներ անել գնաճի եւ ֆինանսական համաշխարհային գործընթացների հարցում, ինչն էլ նշանակում էր, որ անգամ ունենալով արտասահմանյան կրթություն` նա չէր փայլում իր տնտեսագիտական հմտությամբ: Նախարար Գաբրիելյանը հատկապես ծանր վիճակում հայտնվեց, երբ քննարկվում էր վրացական պետհամարանիշներով մեքենաների հարցը: Նրա արած հայտարարությունները վկայում էին, որ նա հեռու էր կանգնած Հայաստանի ֆինանսական կառավարման առանձնահատկություններից: Բայց, ինչպես գիտենք, մեր երկրում «պրոֆեսիոնալներին» չեն դատում: Ու Վ. Գաբրիելյանն էլ որեւէ պատասխանատվության չենթարկվեց իր «ոչ կոմպետենտ» հայտարարությունների համար:
Սերժ Սարգսյանը, սակայն, նոր կառավարություն ձեւավորելիս հրաժարվեց Վ. Գաբրիելյանի ծառայություններից որպես ֆինանսների նախարար, եւ միայն Տ. Սարգսյանի գործադրած ջանքերի արդյունքում հնարավոր եղավ Գաբրիելյանի նշանակումը կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում: Ընդ որում, ոչ թե պարզապես աշխատակազմի ղեկավարի, այլեւ ղեկավար-նախարարի: Սա նշանակում է, որ վարչապետը շատ էր ուզում` Գաբրիելյանը մշտապես կանգնած լինի իր կողքին, ունենա լայն լիազորություններ: Իսկ թե ինչու, այս հարցի պատասխանը նշմարվեց, երբ օրերս Ս. Սարգսյանը հրավիրել էր մի խումբ պաշտոնյաների եւ «քարաբաղնիս» սարքել Իշխան Զաքարյանի համար: Այստեղ էր նաեւ Վ. Գաբրիելյանը: Ըստ էության, նա որեւէ առնչություն չպետք է ունենար «թալանի» հետ, բայց հենց նրա ներկայությունը վկայում էր, որ շատ բան այս երկրում արվել է նաեւ Գաբրիելյանի  գիտությամբ, եւ «թալանը կազմակերպողների» «սխոդկան» չէր կարող կայանալ առանց նրա…
Նշենք, որ Տ. Սարգսյանի «բյուրեղյա երազանքն» է Վ. Գաբրիելյանին փոխվարչապետ դարձնելը: Պատահական չէ, որ նա հայտարարել է, թե անհրաժեշտ է ունենալ մի քանի փոխվարչապետ: Դարձյալ հարց է ծագում. ինչո՞ւ հատկապես Գաբրիելյանը: Իսկ պատասխանը շատ պարզ է. ԿԲ իրականացրած բազմաթիվ, այդ թվում եւ` առեւտրային բանկերի հետ կապված գործարքներ կյանքի են կոչվել Վ. Գաբրիելյանի միջոցով:

ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս