Ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպի առիթով «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մայրն օրերս հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը` հավելելով, որ ինքն այլեւս հույս չունի, որ որեւէ մեկը կպատժվի այդ գործի շրջանակներում:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի երդմնակալության օրը, երբ յուրօրինակ երդում տվեց նաեւ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը, տեղի ունեցած երթի ժամանակ Արմեն Մարտիրոսյանը Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ընդհարվել էր ոստիկանների հետ, որոնք հարվածներ էին հասցրել նրան եւ արյունլվա դեմքով բերման ենթարկել ոստիկանության բաժանմունք: Նշենք նաեւ, որ նույն օրը Ազատության հրապարակ երթով շտապող մի խումբ քաղաքացիների հանդեպ ոստիկանության ներկայացուցիչները բռնություն էին գործադրել: Քաշքշուկի մեջ էին եղել նաեւ Ա. Մարտիրոսյանի մայրը եւ երկու աղջիկները: Ապրիլի 22-ին ՀՔԾ հարցաքննության էր հրավիրվել Ա. Մարտիրոսյանը եւ պատմել միջադեպի մանրամասները՝ նշելով, որ ամեն ինչ սկսվել է իր մորը հարվածելուց: Ի՞նչ ճակատագիր ունեցան այս միջադեպին հետեւած իրավական գործընթացները: «Ժողովուրդ»-ն այդ մասին զրուցեց Ա. Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, ի՞նչ փուլում է գտնվում այս գործը:
-Չգիտեմ՝ ինչ փուլում է գտնվում գործը, քանի որ հետաքրքրվելու առանձնապես որեւէ բան չկա: Միայն կարող եմ ասել, որ բացի ապրիլի 22-ի հարցաքննությունից, մի քանի անգամ եւս ինձ հարցաքննության են կանչել ու նաեւ օրերս մայրիկիս են կանչել:
-Հետաքրքիր է իմանալ, թե ինչով է պայմանավորված Ձեր անտարբերությունն այդ գործի նկատմամբ: Ի վերջո, Ձեզ էին ծեծի ենթարկել, եւ Ձեր արժանապատվության հարցն էլ կա այդտեղ:
-Եթե ամեն ինչ օրենքի շրջանակներում լիներ, եւ այդ ոստիկանները համակարգից հեռացվեին, միգուցե ամեն ինչ այլ լիներ, բայց, ինչպես տեսնում ենք, դա այդպես չէ: Այդ իսկ պատճառով որեւէ հույս չկա:
-Սպասելիքներ չունե՞ք:
-Ո՛չ, քանի որ որեւէ բան տեղից չի շարժվել:
«Ժողովուրդ»-ը Հատուկ քննչական ծառայության լրատվության վարչությունից տեղեկացավ, որ սույն գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՐԸ ՀԱՐՑԱՔՆՆԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ