Ինչու ԱՄՆ-ն վիզաներ չի տրամադրում հայ ծրագրավորողներին. դեսպանի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, հյուրընկալվելով ԱՄՆ հայկական խոշոր համայնքներում, բավականին ուշագրավ մի հայտարարություն էր արել: Ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ է ԱՄՆ դեսպանությունը վերջերս մերժում մուտքի արտոնագիր տրամադրել ծրագրավորողներին, դեսպանը պատասխանել էր, որ դրանով իրենք նպատակ ունեն պաշտպանելու իրենց աշխատատեղերը՝ հօգուտ տեղացի ծրագրավորողների:

Նկատենք, որ այս համակարգված մոտեցման արդյունքում ՀՀ ծրագրավորողները զրկվում են ԱՄՆ-ում մասնագիտական վերապատրաստումների, էքսպոների եւ սեմինարների մասնակցելու հնարավորությունից: Բիզնես-նախագծերը եւս այս մոտեցման արդյունքում բարդ վիճակում են հայտնվել: Այս խնդրի կապակցությամբ «Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

-Պարո՛ն դեսպան, նախ կխնդրեինք հստակեցնել, թե ինչպե՞ս կարող է հայաստանցի ծրագրավորողների հոսքը ԱՄՆ ազդել այդ բնագավառի աշխատատեղերի վրա` հաշվի առնելով Ձեր երկրի տնտեսության ծավալները:

-ԱՄՆ դեսպանատունը մշտապես ստանում է հարցեր ԱՄՆ կառավարության վիզային քաղաքականության վերաբերյալ: Մենք ջանում ենք կարգերը բացատրել հնարավորինս հստակ ու թափանցիկ կերպով, այդ թվում նաեւ այն, թե ինչպես են դրանք անդրադառնում Հայաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների վիզա ստանալու դիմումների վրա: Այս ջանքերի շրջանակում դեսպանության անձնակազմը մի քանի հանդիպում է ունեցել Հայաստանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ: Վերջերս հյուպատոս Ֆրենք Տուն հանդիպում ունեցավ գործարար համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ՝ անդրադառնալով վիզաների հետ կապված հարցերին: Մենք պատրաստ ենք շարունակել այս երկխոսությունը:

-Ի՞նչ եք պատրաստվում անել՝ ծրագրավորողներին չզրկելու համար ինտեգրված լինելու հնարավորությունից:

-ԱՄՆ դեսպանատունը լիարժեքորեն գիտակցում է կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կարեւորությունը Հայաստանում եւ տարիներ շարունակ աջակցել է այս ոլորտի կայացմանը: Նշենք միայն մեկ օրինակ. մենք հպարտ ենք այն ներդրմամբ, որ ունեցել ենք Հայաստանում մի շարք մասնավոր-պետական ՏՏ գործընկերություններում, մասնավորապես «Մայքրոսոֆթի ինովացիոն կենտրոնը» եւ «Նեշընըլ Ինստթրումենթսը», որոնք օգնել են Հայաստանում արագ առաջընթաց ապրող ՏՏ ոլորտին:

-Հնարավո՞ր է՝ Դուք առաջիկայում վերանայեք Ձեր մոտեցումը:

-ԱՄՆ դեսպանատան կողմից վիզաների տրամադրման գործընթացում առանձնակի շեշտադրվում է ԱՄՆ ներգաղթային օրենսդրության ապահովումը եւ դրան զուգընթաց բոլոր դիմողների գերազանց սպասարկումը: Աշխարհով մեկ ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյաների որոշումները վիզաների տրամադրման վերաբերյալ հիմնվում են ամերիկյան այդ օրենքների ու գործող կանոնակարգերի վրա եւ արտացոլում են օրինական ուղեւորությունները դյուրացնելու եւ դրան զուգընթաց՝ ԱՄՆ-ում աշխատողներին ու ԱՄՆ սահմանները պաշտպանելու մեր նպատակը:

Զրուցեց Քնար Մանուկյանը




Լրահոս