Հայաստան ներկրված գազի ծավալները անցած տարվա ընթացքում նվազել են 3,2 տոկոսով, ինչը ծավալային արտահայտությամբ կազմել է 79 մլն 100 հազար խորանարդ մետր:
Այսպես՝ 2015 թվականին ընդհանուր Հայաստան է ներկրվել 2 միլիարդ 371 մլն 800 հազար խորանարդ մետր գազ, այն դեպքում, երբ 2014-ին այդ ցուցանիշը կազմել էր 2 միլիարդ 450 մլն 100 հազար խորանարդ մետր: Ուշագրավն այն է, որ անկումը հիմնականում բաժին է հասել Ռուսաստանից ներկրվող գազին:
Ինչպես հայտնի է` Հայաստանում սպառվող գազը հիմնականում ներկրվում է Ռուսաստանից: Բացառություն է կազմում միայն «Երեւան ՋԷԿ»-ը, որի սպառման համար գազը ներկրվում է հարեւան Իրանից: Դիմացը Հայաստանը վճարում է էլէներգիրայով` 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 ԿՎտ/ժ էլէներգիա հաշվարկով:
2015-ին Հայաստան է ներկրվել 371 մլն 300 հազար խորանարդ մետր գազ, իսկ 2014-ին այդ թիվը եղել 389 մլն 200 հազար խորանարդ մետր: Այսինքն` իրանական գազի ներկրումը նվազել է մոտ 18 մլն խորանարդ մետր: Փոխարենը Ռուսաստանից ներկրվող գազի ծավլները 2015-ին, նախորդ` 2014-ի համեմատ, նվազել են ավելի քան 61 մլն խորանարդ մետրով: 2 մլրդ 61 մլն 700 հազար խորանարդ գազի փոխարեն 2015-ին ներկրվել է 2 մլրդ 600 հազար:
Ուշագրավ է, որ չնայած գազի ներկրման ծավալներն ընդհանուր նվազել են 79 մլն խորանարդով, սակայն բաշխման համակարգի միջոցով սպառողին մատակարարված գազի ծավալները 2015-ին, նախորդ` 2014 թվականի համեմատ, նվազել են 188 մլն 700 հազար խորանարդ մետրով: Նշենք նաեւ, որ էներգետիկ համակարգի սպառած գազի ծավալները անցած տարի, նախորդ տարվա համեմատ, նվազել են 166 մլն խորանարդով: Սա այն եզակի դեպքերից է, երբ նվազումը ինքնին դրական երեւույթ է ենթադրում: Բանն այն է, որ բաշխման համակարգի միջոցով էներգետիկ համակարգին մատակարարվող գազը Հրազդանի երկու ՋԷԿ-երի սպառման ծավալներն են:
Այս երկու կայանների արտադրած էլէներգիան, «Երեւան ՋԷԿ»-ի համեմատ, կրկնակի թանկ է: Այսինքն՝ եթե բաշխման համակարգով էներգետիկ համակարգին քիչ գազ է մատակարարվում, ապա դա նշանակում, որ մեր սպառած էլէներգիայի մեջ, այսպես կոչված, «թանկ հոսանքի» տեսակարար կշիռը նվազել է: Ի դեպ, «Երեւան ՋԷԿ»-ի սպառած գազը, որը, ինչպես արդեն նշել ենք, Իրանից է ներկրվում, բաշխման համակարգի միջոցով մատակարարվող գազի ծավալների մեջ չի ներառվում:
Անցած տարվա տվյալներով՝ Հայաստանում գազի կորուստները կազմել են 148 մլն 900 հազար խորանարդ: 2014-ին այդ ցուցանիշը եղել 144 մլն 700 հազար խորանարդ:
Այսինքն՝ գազի սպառման ծավալների ներկրման պայմաններում անգամ կորուստների մակարդակն աճել է: Արդյունքում, եթե 2014-ին կորուստները կազմել են ընդհանուր Հայաստան ներկրված գազի 5,9 տոկոսը, ապա 2015-ին այդ թիվը դարձել է 6,3 տոկոս: Ի դեպ, նկատենք, որ պետական պաշտոնյաներին պատկանող գազալցակայաններում եւ մնացած օբյեկտներում առանց արձանագրման, այսպես կոչված, «ձախ ճանապարհով» սպառվող գազը վերջնահաշվարկում դառնում է «կորուստ»: Այլ կերպ ասած՝ ինչպես էներգետիկ համակարգի դեպքում է, «ձախ ճանապարհով» ինչ-որ մարդկանց մատակարարվող գազի դիմաց փաստացի վճարում են այդ գողության հետ կապ չունեցող բաժանորդները, քանի որ այդ բոլոր ցուցանիշները ներառված են սպառողին մատակարարվող գազի սակագնի վերջնահաշվարկներում:
Ներկրման ծավալների անկմանը զուգահեռ գազի դիմաց վճարումների ցուցանիշը 2015-ին ավելացել է: Այսպես՝ 2014-ին բաշխման համակարգի միջոցով սպառողին հասցված գազի դիմաց վճարումները կազմել էին ընդհանուր մատակարարված ապրանքի 96,5 տոկոսը: Անցած տարի վճարումների ցուցանիշը կազմել է 97,7 տոկոս: Ինչպես միշտ, սպառողների տարբեր խմբերից ամենապարտաճանաչը բնակչությունն է, որի վճարումները կազմել են մոտ 100 տոկոս: Էներգետիկ համակարգի վարքագիծը եւս նույնն է մնացել, այսինքն՝ ինչպես եղել է ամենաանպարտաճանաչ վճարողը, որն ամենաշատ պարտքերն է միշտ կուտակել, այնպես էլ մնացել է:
Մասնավորապես, 2015 թվականին էներգետիկ համակարգը իր սպառած գազի գնի 10 տոկոսը պարտք է մնացել: Տվյալ դեպքում թերվճարումները կազմել են 3 մլրդ 600 միլիոն 600 հազար դրամ: Այսինքն՝ ստացվում է, որ տվյալ դեպքում, ինչպես միշտ, ռուսական մի ընկերությունը պարտք է մնում մեկ այլ ռուսական ընկերության, որն իր սեփականատերն է: Հիշեցնենք, որ «Հրազդան ՋԷԿ»-ը պատկանում է նույն «Գազպրոմ-Արմենիային»:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ