«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնակի դատապարտյալները շարունակում են կալանավայրից քաղաքացիներին, այսպես ասած, «քցելու» գործընթացը, իսկ իրավապահները չեն կարողանում կամ չեն ուզում կծիկը բացել: Չի բացառվում, որ ՔԿՀ ղեկավարությունն է հրաժարվում օգնել նախաքննություն իրականացնող մարմնին:
Իսկ հիմա ամեն ինչի մասին սկզբից:
2015 թվականի հոկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչությունը որոշել էր ստուգումներ իրականացնել, ինչն էլ դատապարտյալների դժգոհության առիթ էր դարձել: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, ՀՀ ԱՆ ՔԿՎ վարչությունը հենց այնպես չէր խցերում «շմոն» արել: Վարկածներից մեկը, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ վարչությունը ստուգում էր իրականացրել դատապարտյալների շրջանում, այնտեղ առկա «բեսպրիդելն էր»:
Բանն այն է, որ մի շարք քաղաքացիներ 2015 թվականի ընթացքում դիմել էին իրավապահներին՝ հայտնելով, թե իրենք ունեցել են ապրանքներ, որոնք ենթակա են եղել վաճառքի: Տարբեր վայրերում փակցված հայտարարություններից գնորդները տեղեկացել են վաճառքի հանված ապրանքի մասին, զանգահարել` ցանկություն հայտնելով գնել այն:
Սակայն ավելի ուշ քաղաքացիները հայտնվել են խնդրի առաջ: Ապրանքը ուղարկել են, իսկ վարորդը անհետացել է: Երբ փորձել են գտնել, չեն կարողացել: Ու երբ քաղաքացիների հայտարարության հիման վրա իրավապահները քննություն են սկսել, պարզվել է, որ տարբեր քաղաքացիների զանգահարած եւ ապրանքներ գնելու ցանկություն հայտնած, իսկ վերջում անհետացած զանգերը հիմնականում եղել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից:
«Ժողովուրդ»-ի այս հրապարակումից երկու շաբաթ անց ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել է քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Սպարտակ Դանիելյանի կողմից կատարված հափշտակության 40 դեպք: Ավելին՝ ըստ ՀՀ քննչական կոմիտեի` քննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ դատապարտյալը ներկայումս էլ շարունակում է իր հանցավոր գործունեությունը ՔԿՀ-ից:
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ Սպարտակ Դանիելյանի կողմից կատարված հափշտակության 40 դեպքից 20-ը անջատվել եւ ուղարկվել է դատարան, իսկ մյուս դեպքերով նախաքննությունը շարունակվում է:
Կալանավոր «հափշտակիչները»
Պարզվում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Սպարտակ Դանիելյանից բացի եւս մի քանիսը կան, որոնք հափշտակության գործով հայտնվել են իրավապահների տեսադաշտում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՔԿՀ-ում նմանօրինակ գործունեությամբ է զբաղվել դատապարտյալ Հակոբ Վարդապետյանը, որի գործը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Չի բացառվում, որ Հակոբ Վարդապետյանը առավել ազդեցիկ մարդկանց է «քցել», դրա համար էլ նրա մասով գործը քննվել է ՀԿԳ վարչությունում: Նշենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ, ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների կողմից տարբեր քացաքացիների «քցելու» դեպքերի թիվը հասել է 60-ի:
Ու սա դեռ վերջը չէ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Աշոտ Ալեքսանյանը այդ «արվեստին» տիրապետում է: Վերջինս ՔԿՀ-ում հայտնվել է 2011 թվականին դարձյալ խարդախության համար: Ուսումնասիրելով վերջինիս դեմ կայացրած վճիռները՝ պարզեցինք, որ նա ՔԿՀ-ից տարբեր քաղաքացիներ է «քցել» եւ այդպես ամեն տարի երկարացրել իր ազատազրկման ժամկետը: Սա էլ դեռ քիչ է, նա այս գործընթացի մեջ է ներքաշել իր որդուն` Նշան Ալեքսանյանին, եւ կնոջը` Սվետլանա Ալեքսանյանին:
Պարզեցինք, որ դատապարտյալը 2014թ. ամռանը իր կողմից օգտագործվող 096-66-88-61 բջջային համարից զանգահարել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչ Գրիգոր Գրիգորյանին եւ նրան պատկանող «Կոնստանտին եւ քույրեր» ՍՊԸ-ի ձկնաբուծական տարածքը գնելու պատրվակով զրուցել, վստահություն ներշնչել, ստեղծել է գործարար անձի տպավորություն:
Այնուհետեւ 2014թ. սեպտեմբերի 13-ին զանգահարել է, Գրիգորյանին հայտնել, թե իբր գտնվում է Վրաստանի հանրապետությունում, Արմավիրի մարզի Արաքս գյուղի մոտ ունի լճեր, որում առկա են 10.000 հատ ձուկ, խնդրել է նրան «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ից իր համար 2 տոննա 350 կգ ձկան կեր վերցնել՝ խոստանալով ՀՀ վերադառնալուն պես գումարը տալ: 2014թ. հոկտեմբերի 2-ին տեղեկանալով, որ ձկան կերը պատրաստ է, ժամը 13:00-ի սահմաններում, համաձայնության գալով գործով չպարզված անձանց հետ՝ հափշտակել է «Հայր եւ որդի Բունիաթյաններ» ՍՊԸ-ին պատկանող ձկան կերի խանութից Գրիգորյանի անվամբ դուրս գրված 2 միլիոն 171 հազար 400 դրամ արժողության «Բիոմար» տեսակի ձկան կերը:
Ինչո՞ւ չեն կարողանում պարզել
Ուսումնասիրելով դատապարտյալների կողմից խարդախության նմանօրինակ դեպքերը, նշենք, որ դատարան ուղարկված գրեթե գործերի մեծ մասում նշվում է, որ դատապարտյալը, նախնական համաձայնության գալով գործով չպարզված անձանց հետ, հափշտակել են մարդկանց գույքը: Ու հենց այստեղ էլ «թաղված է շան գլուխը»: Պարզվում է՝ ՀՀ քննչական որեւէ մարմին, իրավապահ որեւէ կառույց ի զորու չէ կանխել ՔԿՀ-ի ներսում դատապարտյալների կողմից իրականացվող «բեսպրիդելը»: Քննությունը, ըստ էության, կատարվում է թերի, ամեն ինչ կոտրվում միայն դատապարտյալի գլխին, ու պատմությունը փակվում է: Մինչդեռ կծիկը եթե մինչեւ վերջ բացահայտվի, շատ ուշագրավ դեմքեր ու դեպքեր կբացահայտվեն:
Նախ անհրաժեշտ է հասկանալ, թե դատապարտյալի ձեռքում ինչպես է հայտնվել հեռախոսը, ո՞վ է նրան տրամադրել, ո՞ւմ «դաբրոյով» է նա զանգահարել տարբեր մարդկաց:
Ձեռնտու անպատժելիություն
Բայց պարզվում է՝ ՔԿՀ ղեկավար Ռուբիկ Ստեփանյանը թաքցնելու բան ունի: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննություն իրականացնող մարմինը, երբ ՔԿՀ ղեկավարությանը նամակ է ուղարկել իրենց օժանդակելու մասին, որպեսզի կարողանան բացահայտել դատապարտյալների կողմից հափշտակության դեպքերը, ՔԿՀ-ից պատասխանել են, թե դուք էլ մեզ օգնեք: Ի՞նչ է սա նշանակում. կա՛մ ՀՀ-ում բանտապետերը անզոր են կարգուկանոն հաստատել կալանավայրերում, կա՛մ իրենց ձեռնտու է անպատիժ մթնոլորտը, քանի որ «փայ ունեն» կեղտոտ գումարներից: Երրորդ տարբերակ, թերեւս, չկա:
Իսկ արդյունքում դարձյալ տուժում են շարքային քաղաքացիները:
Քնար Մանուկյան