Հայ մարզիչները ներկա կգտնվեն «Բորուսիա»-«Տոտենհեմ» խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընցացի մասնակից մարզիչները մեկնել են Դորտմունդ: Երեկ մարզիչները դիտել են «Բորուսիայի» մինչև 19 տարեկանների թիմի մարզումը, հանդիպել թիմի գլխավոր մարզչի հետ: Այնուհետև մեր մարզիչները հանդիպել են «Բորուսիայի» ակադեմիայի երիտասարդների հետ տարվող աշխատանքների պատասխանատու, նախկին հանրահայտ ֆուտբոլիստ Լարս Ռիկենի հետ, որը ներկայացրել է ակադեմիայի աշխատաոճը, ֆուտբոլիստերի ընտրության առանձնահատկությունները:

Այնուհետև մեր մարզիչները ծանոթացել են footbonaut ծրագրին, որը լայնորեն կիրառվում է «Բորուսիայի» կողմից: Այդ ծրագրով մարզվում է նաև Հենրիխ Մխիթարյանը: Տարբեր կողմերից ֆուտբոլիստը մեծ արագության տակ ստանում է գնդակներ, որոնք պետք է մշակի և ուղարկի ճիշտ ուղղությամբ: Սա հնարավորություն է տալիս բարձրացնել ֆուտբոլիստների տեխնիկական որակները, ավելացնել կենտրոնացվածությունն ու որոշումներ կայացնելու արագությունը:

Երեկոյան մարզիչները ներկա են գտնվել Եվրոպա լիգայի 1/8 խաղարկության «Բորուսիա»-«Տոտենհեմ» հանդիպմանը: Այսօր առավոտյան մարզիչները հնարավորություն են ունեցել ուղևորության ընթացքում երկրորդ անգամ հանդիպել Տոմաս Տուխելին: «Բորուսիայի» գլխավոր մարզիչը մեր պատվիրակության անդամներին ներկայացրել է իր տակտիկական պլանը «Տոտենհեմի» հետ հանդիպման համար, մանրամասն վերլուծել է խաղային դրվագները, պատասխանել մի շարք հարցերի, բացահայտել իր թիմի` պաշտպանությունից հարձակման և հարձակումից պաշտպանության անցնելու առանձնահատկությունները:

Չնայած, ընդհանրապես, արգելված է թիմի նախախաղային մարզմանը կողմնակի անձանց ներկայությունը, սակայն Տուխելը մեր պատվիրակությանը բացառության կարգով հրավիրել է վաղը կայանալիք նախախաղային մարզմանը, որի ընթացքում «Բորուսիան» պատրաստվելու է Գերմանիայի Բունդեսլիգայի «Բորուսիա»-«Մայնց» հանդիպմանը: Մարտի 13-ին այդ հանդիպումը դիտելուց հետո մեր պատվիրակությունը մարտի 14-ի կվերադառնա Երևան:




Լրահոս