«ԵՐԲ ԴԺՎԱՐ ՊԱՀԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՁԵՌՔ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի գյուղացիները հատնվել են ծանր կացության մեջ: Պետության կողմից հատկացված փոխհատուցումը` սերմացուի եւ սածիլների տեսքով, չափազանց քիչ է` մեղմելու համար գյուղացիների կրած վնասները: Եվ հենց այստեղ է, որ նրանց համար չափազանց կարեւորվում է այն բանկի վերաբերմունքը, որն անցած տարիներին եղել է գյուղացիների աջակիցը` «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը:
Դժվար է այսօր մեր երկրում գտնել թեկուզ հեռավոր ու սահմանամերձ մի համայնք, որտեղ գյուղացիների մեծամասնությունն առանց բանկերի աջակցության կարողանա զբաղվել հողագործությամբ կամ անասնապահությամբ: Այսօր գյուղացիական տնտեսությունների մեծ մասը վարկառու է: Տասնյակ տարիներ վարկ են վերցրել, հողը մշակել, ստացած եկամտով վարկը մարել ու իրենց ընտանիքը պահել: Սակայն այս տարի կարկտահարության հետեւանքով տուժած տասնյակ գյուղացիական տնտեսություններ  փաստացի կանգնեցին վերցրած վարկերը մարելու խնդրի առաջ: Մարզերում գյուղատնտեսական վարկեր հիմնականում տրամադրում է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ը, որը խոստացել էր աջակցել տուժած գյուղացիներին՝ վարկի մարման ժամկետները հետաձգելու առումով:  
 Մենք այցելեցինք Արմավիրի մարզի՝ կարկտահարությունից տուժած մի քանի համայնքներ՝ տեսնելու, թե  բանկն ինչ աշխատանքներ է իրականացնում մարզում:

Մրգաշատցի Մանվել Կյուրեղյանն արդեն 10 տարի է, ինչ համագործակցում է այս բանկի հետ: «700 հազար դրամ վարկ էի վերցրել բանկից, սակայն կարկուտը ավերեց իմ այգին, եւ զրկվեցի եկամտից: Նորից դիմել եմ բանկ, խնդրել, որ դեռ այս վարկը չմարած՝ նորից վարկ տան, որ կարողանամ իմ կրած վնասի տակից դուրս գալ: Ես արդեն տասը տարուց ավելի վարկառու եմ, ամեն տարի էլ ես դիմել եմ, վարկ եմ վերցրել, հողս մշակել, իրենց մուծումները ժամանակին արել եմ, բայց հիմա կանգնել ենք դժվար խնդրի առաջ: Լավ է, որ բանկում ըմբռնումով մոտեցան, մեզ աջակցեցին, դեռ մի վարկը չմարած՝ երկրորդը տվեցին: Էս պահին, ճիշտ է, խնդիրներ շատ ունենք՝ սկսած սածիլներ գնելուց մինչեւ քաղհան, բայց դե վարկը փրկություն ենք համարում էնքանով, որ վերցնում ենք, մեր հողը մշակում, բերքը ստանում, վարկը մարում, մնացած եկամուտն էլ մնում ա մեզ՝ հողի տիրոջը»,-ասում է Մ. Կյուրեղյանն ու ավելացնում, որ առանց վարկերի օգնության` գյուղացիները չէին կարող զբաղվել հողագործությամբ:

Համագյուղացի Գեւորգ Գալստյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղի 70 տոկոսը վարկառու է. համագյուղացիներն «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի հետ համագործակցության երկարամյա փորձ ունեն: «Էս տարի կարկտահարությունից հետո բանկը որոշեց գյուղացուն օգնել հետեւյալ կերպ: Օրինակ՝ կոնկրետ ես ունեի երկու միլիոն դրամի վարկ, մի մասն էս հոկտեմբերին պիտի մարեի, մի մասն էլ` մյուս տարվա հոկտեմբերին: Կարկուտից հետո բերք ստանալու ոչ մի հույս չկար, ստիպված նորից դիմեցի բանկ, խնդրեցի, որ նորից ինձ 2 միլիոն 500 հազար դրամի վարկ տան: Տասը տարի է՝ աշխատում ենք բանկի հետ, արդեն գիտեն, որ պարտաճանաչ ենք, ժամանակին մարումներն անում ենք, ու միշտ էլ ընդառաջում են: Էս անգամ էլ չմերժեցին, վարկը տվեցին, մի մասով իմ նախորդ վերցրած վարկը մարեցի, իսկ մի մասն էլ մնաց ինձ, դրանով էլ ես կարկուտից հետո տուժած այգու գործերը կազմակերպեցի: Հիմա եթե բանկի օգնությունն էլ չլինի, գյուղացին ի՞նչ պետք ա անի: Ինչո՞վ պիտի սածիլ առնենք, բերքը մշակենք»:
Իսկ մրգաշատցի Համլետ Ավագյանին հանդիպեցինք «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Արմավիրի մասնաճյուղում: Նա եւս այն հարյուրավոր վարկառուներից մեկն էր, որը եկել էր բանկ՝ ստացած վարկի մարման ժամկետները հետաձգելու համար: «Մեր համայնքն էնքան գոհ ա, որ ասելու չի, հիմա նայե՛ք մեր գյուղի ժողովրդի դեմքի ժպիտն ու համեմատե՛ք կարկուտը եկած օրվա գյուղացու վիճակի հետ: Արդեն նորից շնչում ենք, կարկտահարված տարածքներում վարուցանքս է արվում, սերմ ենք ձեռք բերել, վառելիք: Խնդիրներ դեռ կան, բայց դե որ աջակցող ձեռք ես տեսնում, ամեն ինչ ավելի հեշտ ես հաղթահարում»,-մեզ հետ զրույցում ասաց Հ. Ավագյանը:  
Լրացուցիչ ծանրաբեռնվածություն, ակտիվ աշխատանքային ռեժիմ, անհատական աշխատանք յուրաքանչյուր վարկառու գյուղացու հետ: Մի քանի բառով «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ»-ի Արմավիրի մասնաճյուղի աշխատանքն այսպես է ներկայացնում մասնաճյուղի կառավարիչ Ազատ Տոնոյանը. «Ընդհանուր առմամբ մարզում ունենք վեց հազար հինգ հարյուր վարկառու, որոնց հետ այս օրերին աշխատում ենք անհատական ձեւով՝ յուրաքանչյուրի հետ ըստ իրենց ունեցած տնտեսության հնարավորությունների: Մեր բանկում որոշում ընդունվեց աջակցել եւ վերավարկավորել գյուղացիներին, որպեսզի մարդիկ այս եղած իրավիճակից դուրս գան: Առաջին անգամը չէ, որ գյուղերը կարկտահարվում են, բայց հիմա ծավալներն անհամեմատ մեծ են, մենք էլ մեծ ընտանիքի նման փորձում ենք ելք գտնել այս իրավիճակից: Ոչ մի տնտեսություն այս տարի մուծումներ չի անելու, նույնիսկ նրանց նորից վարկ է տրվում, որպեսզի հնարավորություն ստանան աշխատելու եւ հետագայում նաեւ իրենց տնտեսությունները վերականգնվելուց հետո մարեն վարկը: Ճիշտ է, գյուղացիները սկզբնապես հուսահատված էին, բայց հիմա վիճակն այլ է, մենք էլ պատրաստակամ ենք մեկ ամսվա ընթացքում մեր ուժերի լարումով ավարտին հասցնել գործընթացը, եւ վստահ ենք, որ գյուղացին կընկնի իր հունի մեջ, կունենանք լավ արդյունքներ ու մեր վարկառուները կկարողանան տարին պատվով փակել»:
 Մենք տեղեկացանք նաեւ, որ գյուղատնտեսական վարկը տրվում է տարեկան տասնչորս տոկոս տոկոսադրույքով, որից չորս տոկոսը սուբսիդավորվում է պետության կողմից, այսինքն` գյուղացու վրա այն փաստացի նստում է տասը տոկոս: Նշենք նաեւ, որ որոշ գյուղերում կսուբսիդավորվի վեց տոկոսը, հետեւապես` վարկառուների համար տոկոսադրույքը կկազմի տարեկան 8 տոկոս:

ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ




Լրահոս