Շաքարավազն ու սուրճը թանկացել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում արձանագրվել է 1.7 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների գները նույն ժամանակահատվածում 5.4 տոկոսով են նվազել: Սակայն որոշ ապրանքատեսակներ էլ թանկացել են:

Հայաստանում այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապխտած եւ կիսաապխտած երշիկները թանկացել են 0.8 տոկոսով, ոչխարի միսը` 2.6 տոկոսով: Ի դեպ, թանկացել են նաեւ խաշի պարագաները՝ 4.7 տոկոսով: Իսկ, ահա, շաքարավազի գինը այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էժանացել է 10 տոկոսով:

ՀՀ դիտարկված 9 քաղաքներում այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է շաքարավազի 0.4-1.8 տոկոս գնաճ, մեկում` 0.6 տոկոս գնանկում, իսկ մեկում էլ պահպանվել է գների՝ նախորդ ամսվա մակարդակը: Նշենք, որ մայրաքաղաք Երեւանում շաքարավազի գինը 1.3 տոկոսով աճել է: Բացի շաքարավազից՝ այս տարվա փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի 0.1 տոկոս, սուրճի, թեյի, կակաոյի 0.6 տոկոս գնաճ:

Իսկ ոգելից խմիչքի եւ ծխախոտի շուկայում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Թանկացել է նաեւ ձուն՝ 0.3 տոկոսով: Նաեւ հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի 1.9, սնկի 3, գազարի 10.2, բողկի 29.3 տոկոս գնաճ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս