ՎԱՐՈՐԴԻ ՀԱՄԱՐ Ո՛Չ ՏԱՔ Է ԼԻՆԵԼՈՒ, Ո՛Չ ՍԱՌԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շուտով մայրաքաղաքում գործելու են վճարովի ավտոկայանատեղիներ: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը վստահեցնում է, որ սրանով կկանոնակարգվի կայանատեղիների աշխատանքը: Սակայն ««Աքիլլես» վարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս նախաձեռնությունը վարորդներին ոչինչ չի տալու: Ավելին, եթե նախկինում վարորդները մեկ օրվա համար վճարում էին 100 կամ 200 դրամ, ապա հիմա նրանք ստիպված են լինելու  մեկ օրվա համար վճարել 500 դրամ: Բացի այդ, այս նախաձեռնության արդյունքում հարյուրավոր մարդիկ գործազուրկ են մնալու:
Նշենք, որ վճարովի ավտոկայանատեղիների ծառայությունը մատուցելու է «Փարկինգ սիթի սերվիս» ընկերությունը, որի տնօրենը Վազգեն Հարությունյանն է: Երեւանի ավագանու որոշմամբ 2013թ.-ին նշված կայանատեղիներում 5 րոպեից ավելի` մինչեւ մեկ ժամ կանգնելու դեպքում վճարման չափը կազմում է 100, մեկ օրվա համար՝ 500, մեկ շաբաթվա համար՝ 1000, մեկ ամսվա համար՝ 2000 դրամ, իսկ մեկ տարվա համար՝ 12.000 դրամ: Վճարումները կատարվելու են բացառապես անկանխիկ եղանակով, նաեւ SMS հաղորդագրության միջոցով: Կայանման դիմաց չվճարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով: Այդ մասին մեքենայի սեփականատերը կծանուցվի փոստի միջոցով:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքը կիրառվելու է Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող փողոցներում եւ հրապարակներում: Բակային, մշակութային, կրթական օջախների, պետական եւ համայնքային կառավարչական հիմնարկների տարածքներում օրենքը չի գործում: Ի դեպ, քաղաքացիներից մեկ ամիս ժամկետով որեւէ տույժ կամ տուգանք չի գանձվելու:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ողջունեց այս նախաձեռնությունը. «Որպես ՃՈ աշխատակից՝ դրական եմ տեսնում այդ փոփոխությունները: Բայց նշեմ` որեւիցե առավելություն չեն ունենալու երթեւեկության կանոնները խախտող վարորդները: Այսինքն՝ այն վարորդները, որոնք մեքենաները կկայանեն երթեւեկության կանոնները խախտելով, նրանք միանշանակ ենթարկվելու են վարչական պատասխանատվության»:
Ի՞նչ է տալու սա Երեւանին: Վճարովի ավտոկայանատեղիների պատճառով գործազուրկ են դառնալու հարյուրավոր մարդիկ: Արդյոք Երեւանի քաղաքապետը հետաքրքրվում կամ մտահոգվում է նրանց ճակատագրով: «Ժողովուրդ»-ը փորձեց Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանից հետաքրքրվել կայանատեղիների թեւկապավորների ճակատագրով: «Թեւկապավորների մեծ մասն ապօրինի գործունեություն էր ծավալում, ով որտեղից հասնում` մի թեւկապ էր գտնում, կանգնում եւ սկսում գումար գանձել: Թե այդ գանձած գումարն ուր էր գնում, Աստված գիտի: Այդ թեւկապավորներին քաղաքապետարանն այլընտրանքային աշխատանք է առաջարկում կանաչապատման ձեռնարկություններում, կոմունալ տնտեսություններում»,-վստահեցրեց Սարուխանյանը:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն էլ ընդգծեց, որ վճարված գումարները մուտք են գործելու քաղաքապետարանի բյուջե. «Բացի այդ, կանոնակարգվելու է կայանատեղիների աշխատանքը, մեր փողոցներում անկանոն կայանում չի կատարվի, եւ հավաքված գումարն էլ կգնա քաղաքապետարանի բյուջե: Դա համարվում է տեղական տուրք»:
Նրա կարծիքով եւս թեւկապավորներն իրենք իրենց «ինքնուրույն գործատու» են դարձրել. «Մենք տեղյակ ենք եղել, որ նրանք միշտ անօրինական են գործել: Արձագանքում էինք, եւ ոստիկանությունն ամեն շաբաթ 10-15 մարդու տանում էր բաժանմունք` բացատրություն տալու, թե ինչ գործունեություն են ծավալում: Հիմա նրանք չեն լինելու»:
««Աքիլլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Էդիկ Հովհաննիսյանը կարծում է, որ վճարովի ավտոկայանատեղիները վարորդներին առանձնապես ոչինչ չեն տալու. «Վարորդի համար ո՛չ տաք է լինելու, ո՛չ էլ սառը: Թե նախկինում վարորդը հնարավորություն ուներ մեկ օրվա համար վճարել 100-200 դրամ, հիմա նա պարտադիր մեկ օրվա համար վճարելու է 500 դրամ: Այն ժամանակ  չգիտեինք, թե ում գրպանն է մտնում այդ հավաքված գումարը: Եվ զարմանալին այն է, որ քաղաքապետարանը հանկարծ հուլիսի 1-ին է իմանում եւ հայտարարում է, որ թեւկապավորներն անօրինական են գործում, թե իմացեք` իրենց գործողություններն անօրինական են, ու իրենց հանկարծ գումար չտաք: Ինչի՞, մինչեւ այս չգիտեի՞ն, որ նրանք անօրինական էին գործում, կամ չգիտեի՞ն, թե այդ գումարներն ուր էին գնում: Հենց գնում էին թաղապետարան, քաղաքապետարան եւ պետեկամուտների կոմիտե: Ասում են, որ օրենքը լավն է, կառավարության որոշումները` նույնպես, բայց թե այն ինչպես կկիրառվի, տեղյակ չեմ: Հենց գործը հասնում է կիրառմանը, մենք սովորաբար նկատում ենք շեղումներ»:
Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այս նախաձեռնությունը որակեց «հերթական ախմախություն»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս