Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ընթացել են լրջագույն բանակցություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» կողմից հրապարակված սույն զեկուցագրի հեղինակը ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Ջոն Էվանսն է: Վերջինս պատմում է 2005թ. օգոստոսի 16-ին այնժամ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի հետ կայացած հանդիպման մանրամասները:

Պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում հայ-թուրքական բանակցություններ, այդուհանդերձ, ընթացել են եւ դրանք մասամբ վերաբերել են 1915թ. դեպքերի ուսումնասիրության համար ստեղծվելիք պատմաբանների հանձնաժողովին: Ավելին` գործընթացը կասեցվել է ոչ թե հայկական կողմից, այլ կրկին Թուրքիայի ցանկությամբ` հերթական անգամ բախվելով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների անարդյունավետության խնդրին:

Տեղեկացնենք, որ հանդիպումը տեղի էր ունեցել ՀՀ ԱԳ` այսօր արդեն նախկին փոխնախարարի եւ Թուրքիայի ԱԳ փոխպետքարտուղար Ահմեդ Ուզումչուի միջեւ կայացած բանակցություններից հետո: ՀՀ փոխարտգործնախարարն արտահայտել էր իր հիասթափությունը թուրք պաշտոնակցի հետ ունեցած հանդիպումից: Ըստ նրա` թեեւ բանակցությունների ձեւաչափն ու տոնը դրական էին, սակայն զգայուն հարցերին անդրադառնալիս լրջագույն դժվարություններն էին ի հայտ եկել:

Կիրակոսյանի պնդմամբ` լուրջ տարաձայնություններ են գոյություն ունեցել 1915թ. դեպքերի ուսումնասիրման միջկառավարական հանձնաժողովի նպատակին ու ընդգրկման տիրույթին վերաբերող հարցերում, ինչն էլ Վիեննայում ընթացած բանակցությունների հաջողության խոշոր արգելակիչն էր հանդիսացել: Ա. Կիրակոսյանը նկատել է, որ 5 ենթահանձնաժողովներ ստեղծելու ՀՀ կառավարության առաջարկը թուրքերին թույլ է տվել հեռուն գնացող նկրտումներ ունենալ:

Հավելենք, որ այդ հինգ հանձնաժողովները պետք է վերաբերեին հետեւյալ ոլորտներին` դիվանագիտական հարաբերություններ, սահմանների բացում, գիտական ուսումնասիրություն, առեւտուր եւ հասարակական ու մշակութային փոխհարաբերություններ: Կիրակոսյանը հավելել է, որ հայկական կողմն առաջարկել է իրադարձությունների զարգացման հստակ ժամանակացույց, ինչը դժկամությամբ է ընդունվել թուրքերի կողմից: Ուզումչուն բացեիբաց հայտարարել է, որ Թուրքիայի` այն ժամանակվա ԱԳ նախարար Աբդուլա Գյուլը չի էլ պատրաստվում այդ առաջարկը ներկայացնել վարչապետ Էրդողանին կամ էլ կառավարության այլ պաշտոնյայի: ՀՀ նախկին փոխարտգործնախարարը տեղեկացրել է, որ իր կառավարության համար խիստ նշանակալից է պատմական հանձնաժողովի կազմավորումը, որը թուրքերը դիտարկել են իբրեւ վստահության կառուցման առանցքային գրավական:

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում հայ-թուրքկաան հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ընթացել են լրջագույն բանակցություններ: Ավելին` Հայաստանն առաջարկել է կազմավորել 5 ենթահանձնաժողովներ, որոնցից մեկն էլ պիտի քննարկեր 1915թ. դեպքերը: Ըստ էության, Սերժ Սարգսյանը 2008թ. ոչ մի նորություն չէր բացահայտել, պարզապես հրապարակայնացրել էր իր համաձայնությունը Ցեղասպանությունը քննող հանձնաժողովի ստեղծման շուրջ:

Հատկանշական է, որ Սարգսյանի սկսած գործընթացին Ռոբերտ Քոչարյանի ցույց տված անհամաձայնությունը փաստորեն ձեւականություն էր: Եթե Սերժ Սարգսյանը հարցը քննարկում էր նախագահական մակարդակում, Քոչարյանը նույնն անում էր գաղտնաբար` փոխարտգործնախարարների միջոցով:  Հետաքրքիր է` այնժամ եւս կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն արդյո՞ք տեղյակ էր նման քննարկումներից ու հերթական անգամ «դեմ ըլլալով` կողմ էր»: Շեշտենք, որ Քոչարյանի վարչակազմն անգամ ժամանակացույց էր առաջարկել, ինչը թուրքերի կողմից լուրջ չէր էլ ընդունվել:

Ինչեւէ, Արման Կիրակոսյանը նկատել է, որ Ուզումչուի խոսքերում կարմիր թելի պես անցել է ԼՂ-ի հակամարտության շուրջ ընթացող բանակցությունների հարցը, մասնավորապես նույն շրջափուլում Կազանում կազմակերպված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կիրակոսյանի կարծիքով` թուրքերը կազանյան բանակցությունները դիտարկել են իբրեւ ցուցիչ, թե որքան ազատ կարող են իրենք գտնվել Հայաստանի հետ սահմանների բացման ու պատմաբանների հանձնաժողովի հարցերում պայմանավորվելիս: Հատկապես այն հանգամանքը, որ հանդիպման ավարտին թուրք դիվանագետը չի հստակեցրել հաջորդ հանդիպման ժամկետներն ու մյուս մանրամասները, խոսուն փաստ է Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարեւորման մասին:

Զեկուցագրի ավարտին դեսպան Էվանսն արտահայտում է իր ուրախությունը, որ ՀՀ ԱԳՆ-ը բանակցությունները շարունակելու պատրաստակամություն է ցուցաբերում, ինչը, ըստ հեղինակի, թույլ կտա զերծ մնալ կառավարության մեջ ազգայնական համարում ունեցողների պնդումների աճից, թե իբր սահմանի բացումը անհնար է: Դիվանագետի կարծիքով` Թուրքիան շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները` հասկացնելով, որ սահմանի փակ մնալը առկախ է հենց այդ հարցին: Հիմնվելով Թուրքիայի քաղաքական ղեկավարության մոտեցման վրա` Էվանսն արձանագրում է, որ Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործում լուրջ առաջխաղացում չի ապահովելու այնքան, քանի դեռ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ համաձայնության նշաններ չկան:

Ամփոփելով` կարող ենք եզրակացնել, որ ինչպես Թուրքիան գործեց Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտության շրջանում, նույն ձեւով էլ վարվել էր Քոչարյանի կուլիսային բանակցությունների օրերին: Հետաքրքիր է` ո՞ւր էին Սերժ Սարգսյանի խորհրդականները եւ հայկական դիվանագիտության «պարծանքները», երբ առանց հաշվի առնելու տապալված նախորդ փորձը` հրապարակայնորեն ձեռնամուխ եղան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին:

Ըստ էության, Թուրքիան արդեն իսկ ապացուցել էր, որ առանց ԼՂ հարցի կարգավորման հայ-թուրքական հարաբերությունների բարելավում չի լինելու, ուստի ի՞նչ կարիք կար հրապարակայնորեն կասկածի տակ դնել Ցեղասպանության հարցը: Թեեւ կարիքը կարծես կար` հաշվի առնելով Սերժ Սարգսյանի` ամերիկացիներին տված խոստումները, ինչի շնորհիվ, ի դեպ, զուտ «պատահականորեն», ԱՄՆ նախագահ Օբաման արդարացրեց «ցեղասպանություն» եզրույթը չարտասանելու իր քայլը:

Ն. Հովսեփյան




Լրահոս