Հայկական ֆիլմերում սիրային տեսարաններին ծանոթանալիս հազվադեպ է պատահում, որ հանդիպենք համարձակ սիրախաղի, բաց մարմինների կամ գոնե ամենաանմեղ համբույրի: Մեր դերասաններից քչերն են համաձայն նկարահանվել անկեղծ տեսարաններում, իսկ նրանք, ովքեր պատրաստ են գնալ այդ քայլին, այնուամենայնիվ, ունեն որոշակի մտավախություններ, որոնք հաճախ արդարացված են:
«Ժողովուրդ»-ը կներկայացնի զրույցների փոքրիկ շարք այն դերասան-դերասանուհիների հետ, որոնք քաջություն են ունեցել կոտրելու հասարակության եւ իրենց կոլեգաների շրջանում տարածում գտած «ամոթի կարծրատիպը»:
Այսպիսով` մենք զրուցել ենք դերասանուհի Ռոզի Ավետիսովայի հետ, ով «Փեսացուն կրկեսից» հայկական արկածային կինոկատակերգության (2011թ., ռեժիսոր` Դավիթ Բաբախանյան) հերոսուհին է եւ Հովհաննես Ազոյանի հետ նկարահանվել է համբույրի տեսարանում:
-Ռոզի՛, Դուք հեշտությա՞մբ համաձայնեցիք նկարահանվել այդ տեսարանում, թե՞ Ձեզ համոզել են:
-Ռեժիսորն ի սկզբանե խոսել էր ինձ հետ եւ զգուշացրել, որ ֆիլմում լինելու է նման դրվագ: Ես խնդիր չեմ տեսել. սցենարից, հերոսների փոխահարաբերություններից ելնելով այդ տեսարանը սպասելի էր: Իսկ դերասանն իր աշխատանքը լիարժեք կատարելու համար չպետք է հրաժարվի դրանից:
-Ըստ Ձեզ` ինչո՞ւ են Ձեր կոլեգաները հաճախ մերժում նկարահանվել նման տեսարաններում: Արդյո՞ք դա պրոֆեսիոնալիզմի պակաս է:
-Նրանց էլ ինչ-որ կերպ կարելի է հասկանալ: Նախ պետք է հաշվի առնենք, թե մենք որտեղ ենք ապրում: Երեւանը մի բուռ քաղաք է, որտեղ դերասանի եւ քաղաքացու միջեւ առողջ դիստանսը պահպանված չէ. դերասանները չափազանց հասանելի են հանրության համար, ուստի եթերում չափից դուրս անկեղծանալը կարող է ազդել դերասանի առօրյա կյանքի կայունության վրա: Բացի այդ` նկատենք, որ մեր կինոարտադրությունը նոր-նոր է սկսել ակտիվանալ, եւ համաշխարհային կինոյում վաղուց արդեն սովորական դարձած տեսարանները մեր ֆիլմերի դեպքում շատ դանդաղ են դառնում ընկալելի:
-Իսկ դերասաններն իրենց «մեղքի» չափաբաժինը չունե՞ն:
-Կարծում եմ` նրանք մեղք չունեն: Դերասանները հաճախ մտածում են` գուցե տվյալ ֆիլմը չկարողանա ապահովել բարձր որակ, եւ մարդիկ դրա մասին խոսելիս հիշատակեն միայն համարձակ հերոսին կամ հերոսուհուն: Դերասանը միշտ ունի այդ մտավախությունը, եւ, կարծում եմ, առաջինը դա է պատճառը, որ նրանք հրաժարվում են անկեղծ տեսարաններից:
-Որքանով հիշում եմ` միայն «Փեսացուն կրկեսից» ֆիլմում չէ, որ նկարահանվել եք համբույրի տեսարանում:
-Ես դեռ իմ դիպլոմային աշխատանքի շրջանակում հանդիպել եմ այդպիսի դրվագի: Բայց ասեմ, որ բեմում իրավիճակը բոլորովին այլ է. այնտեղ հանդիսատեսին հնարավոր է խաբել` համբուրելով, օրինակ, խաղընկերոջ ոչ թե շուրթերը, այլ այտը, իսկ, ահա, ֆիլմում՝ ոչ: Ամեն դեպքում այն ժամանակ էլ նման տեսարաններին շատ առողջ էինք նայում: Իսկ «Փեսացուն կրկեսից» ֆիլմից հետո, այո, համբույրի տեսարան ունեցել եմ նաեւ «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալում: Հիշում եմ, որ կինոկատակերգությունում մենք այդ դրվագներում նկարահանվում էինք իրար հետ հումորներ անելով… Ամեն դեպքում, դերասանն էլ մարդ է եւ կարող է կաշկանդվել:
-Իսկ Ձեր ընտանիքի անդամները, բարեկամները որեւէ կերպ անդրադարձե՞լ են այս թեմային:
-Նրանցից ոչ ոքի կողմից այդ առթիվ մեկնաբանություն չեմ ստացել. բոլորը լավ հասկանում են, որ այն, ինչ անում եմ, պահանջում է իմ մասնագիտությունը:
-Եթե որեւէ գեղարվեստական ֆիլմի շուրջ հավաքված լինի պրոֆեսիոնալ թիմ, իսկ սցենարն էլ Ձեր սրտով լինի, կհամաձայնե՞ք նկարահանվել նաեւ առավել բաց տեսարաններում:
-Եթե ամեն բան արվի էսթետիկայի այն չգրված կանոնների շրջանակում, որ պահանջում է կինոն, այո, ինչու ոչ, հնարավոր է: Այդ դեպքում մարդիկ կկենտրոնանան ոչ թե այդ տեսարանի, այլ ֆիլմի մեսիջների վրա:
Աննա Բաբաջանյան