ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍԿՍՈՒՄ ԵՆ
Թաթարստանի մայրաքաղաք Կազանում հուլիսի 6-ից 17-ը կայանալու են 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը: Նախատեսվում է, որ մրցավայր կժամանեն 170 երկրների 13 հազար ուսանող մարզիկ-մարզուհիներ:
Հայաստանի պատվիրակները կներկայացնեն ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, սամբո, ձյուդո, գոտիներով ըմբշամարտ, շախմատ, լող եւ աթլետիկա մարզաձեւերը: Թիմը լիովին համալրված է ուսանող մարզիկներով, կան նաեւ հեղինակություններ: Մասնավորապես, Հայաստանն ունիվերսիադայում կներկայացնեն երկու շախմատիստ՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, որն օրերս հաղթեց Ջերմուկում անցկացված Կարեն Ասրյանի հուշամրցաշարում, եւ Զավեն Անդրիասյանը: Հիշեցնենք, որ վերջինս մասնակցել է նախորդ ունիվերսիադային եւ բաժանել 2-4-րդ տեղերը, բայց լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել չորրորդ հորիզոնականը։ Իսկ ահա Ռ. Հովհաննիսյանն առաջին անգամն է մասնակցելու այդ խոշոր ստուգատեսին։ Ինչպես նշել է Զ. Անդրիասյանը, օրինակ՝ Ռուսաստանի կազմը շատ ուժեղ է. խաղալու են նրանց բոլոր ուժեղագույն երիտասարդ գրոսմայստերները։
ՀԵՆՐԻԽԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ «ԲՈՐՈՒՍԻԱ՞»
Անսալով Հենրիխ Մխիթարյանի կոչին` հայկական լրատվամիջոցները մի պահ դադարեցրին հայ ֆուտբոլիստի` այս կամ այն, հիմնականում` «Լիվերպուլ» տեղափոխվելու վերաբերյալ հրապարակումները: Բայց լռությունը կարճ տեւեց, քանի որ միջազգային լրատվամիջոցները շարունակում են «տաք պահել» այդ թեման: Օրինակ՝ Goal.com-ը գրել է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն «Լիվերպուլ»-ի հետ կպայքարի Հ. Մխիթարյանի համար. «Երկու ակումբներն էլ առաջարկ են պատրաստել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի վերաբերյալ, սակայն Դորտմունդի թիմի հնարավորություններն ավելի մեծ են: Ինքը՝ Մխիթարյանը, դեմ չէ համալրել Յուրգեն Կլոպի թիմի շարքերը: Հենրիխի տեղափոխության հարցը կլուծվի այս շաբաթվա ընթացքում: Կիսապաշտպանի տրանսֆերում մեծ դերակատարում կունենա նրա գործակալ Մինո Ռայոլան»:
ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ՖՈՖԱՆԱ ԲԵԿՈՆ
Հայաստանի նորընծա չեմպիոն Գյումրու «Շիրակ»-ը հաղթանակով մեկնարկեց ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 2013-2014թթ. մրցաշարը։
Որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղում գյումրեցիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Սան Մարինոն ներկայացնող «Տրե Պենե» ակումբի դարպասը։ Հայաստանի չեմպիոնի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ կոտդիվուարցի հարձակվող Ֆոֆանա Բեկոն, որը վերջերս է վերադարձել «Շիրակ»։ Նախորդ մրցաշրջանում Բեկոն վարձավճարով խաղում էր իրանական «Զոբ Ահան»-ում։ Հետաքրքիր է` եթե չլիներ Բեկոն, ինչ էր անելու «Շիրակ»-ը: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հուլիսի 9-ին Սան Մարինոյում։ «Շիրակ»-«Տրե Պենե» զույգի հաղթողը որակավորման երկրորդ փուլում կմրցի Բելգրադի «Պարտիզան»-ի հետ։