ՊՈՒՐԱԿԸ ԿՄԱՔՐՎԻ ԱՂԲԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վանաձորի կենտրոնական մասում գտնվող Արցախ պուրակը, որը ժամանակին եղել է վանաձորցիների հանգստի եւ ժամանցի սիրելի վայր, այսօր բավական անմխիթար վիճակում է, տարածքը պատվել է աղբով ու չխնամված կանաչով: Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի խոսքով՝ պուրակի մի մասը համայնքային սեփականություն է, մի մասն էլ մոտ 4 տարի առաջ տրվել է վարձակալության՝ կինոթատրոն կառուցելու նպատակով: Սակայն կինոթատրոնը չի կառուցվել, իսկ տարածքն էլ վերածվել է աղբավայրի:  «Ժողովուրդ»-ի  հարցին, թե վարձակալներն ինչու չեն մտածում տարածքի բարեկարգման ու մաքրության մասին, քաղաքապետը նշեց, որ վարձակալներն ամեն ամիս 60.000 դրամ են տրամադրում համատիրությանը՝ տարածքի մաքրության ու պահպանման համար, սակայն  ոչինչ չի արվում: Խնդրով մտահոգված Վանաձորի ՎՊՄԻ ուսանողական ծրագրային թիմը վերջերս ձեռնամուխ եղավ հարցի կարգավորմանը:
«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի» «Քաղաքացիական երկխոսություն եւ գործնական քայլերը հանուն փոփոխության»  ծրագրի շրջանակում իրականացվում է  «Մեր քաղաքը, մեր նպատակը, մեր ապագան» ծրագիրը, որի նպատակն է բարեկարգել Արցախ պուրակը: Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողական ծրագրային թիմի անդամ, ծրագրի ղեկավար Նարինե Հակոբյանը՝ որպես Վանաձորի քաղաքացի, անտարբեր չի կարող մնալ Արցախ պուրակի այսօրվա վիճակին. «Ցանկացած մեկը, ով անցնի պուրակով, կհանդիպի միայն կոտրված, վնասված նստարանների, փոքր աղբարկղերի, որոնք կարծես թե չեն էլ ծառայում իրենց բուն նպատակին. ամենուր կարելի է տեսնել աղբ, ծաղկանոցների համար նախատեսված վայրերն ամբողջովին լցված են խոտով, աղբով, պատերը քանդված են: Բնական է, որ այս ամենը չի կարող չմտահոգել բնակչին»:  
Այս ծրագիրը ողջունվել է նաեւ Վանաձորի քաղաքապետարանի կողմից, ծրագրի աջակիցն է նաեւ ՀԵՀ Լոռու մարզային կենտրոնը (Հայաստանի երիտասարդական հիմնադրամ):
Արցախ պուրակի բարեկարգման համար «Ջինիշյան հիշատակի հիմնադրամը» տրամադրել է  88.000 դրամ, տարածքի վարձակալները՝ 2000 ԱՄՆ դոլար: Պուրակը կարգի բերելու համար սա բավական քիչ գումար էր, այդ իսկ պատճառով ծրագրի ղեկավարների կողմից հուլիսի 1-ին կազմակերպվեց նաեւ դրամահավաք-միջոցառում, որի ընթացքում իրենց լուման ներդրեցին քաղաքապետը, ՏԻՄ աշխատակիցներ, ինչպես նաեւ պուրակի ճակատագրով մտահոգված քաղաքացիներ: Այս գումարներով նախատեսվում է ասֆալտապատել եւ բարեկարգել տարածքը, տեղադրել նոր նստարաններ, աղբարկղեր, վերանորոգել եւ ծաղկապատել ծաղիկների համար նախատեսված տարածքները: Հուսանք, մի ամիս անց պուրակը նորից կստանա նախկին հյուրընկալ տեսքը, մինչեւ որ ի վերջո կկառուցվի նախատեսված կինոթատրոնը:

ԱՐՄԻՆԵ ԲԱԼԱՅԱՆ
Լոռի




Լրահոս