«ՀԱՅՐԱՔԱՂԱՔԸ»` ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջապես տեղի ունեցավ «պատմական» իրադարձությունը` Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Կիրակի օրը Գյումրու «Վարդանանց» հրապարակում կայացած տոնական համերգի ընթացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հանձնվեց «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը:
Իհարկե, այն, որ Գյումրին եղել է մշակութային քաղաք, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն գաղտնիք չէ նաեւ այն, որ Սպիտակի ահավոր երկրաշարժից հետո «աղետի գոտի» հռչակված եւ, ըստ էության,  այդպիսին էլ առ այսօր մնացած քաղաքն այդպես էլ ոտքի չի կանգնում: Վերջերս լրատվամիջոցներից մեկը տեղեկացրեց, որ նույնիսկ 20 տարի տնակներում մի կերպ գոյատեւած  գյումրեցիներից ոմանք ստացել են բնակարան, բայց գրեթե անմիջապես վաճառել են դրանք: Վաճառել ու պատրաստվում են լքել հայրենիքը: Բնական է, այդ մարդկանց այլեւս որեւէ մշակույթ ու մշակութային մայրաքաղաք կամ, ինչպես սովորաբար գյումրեցիներն են ասում, հայրաքաղաք չի հետաքրքրում: Գուցե ոմանք մեզ նորից կմեղադրեն գաղջ մթնոլորտ ստեղծելու համար, բայց դա իրոք այդպես է, եւ պետք չէ խաբվել տեսախցիկների առջեւ այդ միջոցառումները գովաբանող ուրախ ու անհոգ գյումրեցիների տեսքից:
Ինչեւէ, Գյումրուց դեռեւս չարտագաղթածներին, ինչպես նաեւ մյուս հայաստանցիներին տեղեկացնենք, որ ծրագրի շրջանակներում կանցկացվի 45 միջոցառում, իսկ դրա պաշտոնական փակումը նախատեսված է նոյեմբերի 2-ին:
Հիշեցնենք, որ «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով՝ «ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամ»-ի, ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով:
Ի դեպ, մամուլի ասուլիսի ժամանակ մշակույթի նախարարին լրագրողները հարցրել են, թե հնարավոր է, ի վերջո, կյանքի կոչվի մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու ծրագիրը: Հասմիկ Պողոսյանը պատասխանել է, թե իր կարծիքով` նախարարությունը, կարելի է ասել, արդեն մասամբ Գյումրիում է գործում: Հիշեցնենք, որ ժամանակին ՀՀ վարչապետն էր ցանկանում Հայաստանը դարձնել տարածաշրջանային մշակութային կենտրոն, ինչպես նաեւ Գյումրի տեղափոխել մշակույթի նախարարությունը:

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս