ԱՄԵՆ ԻՆՉ ՀԱՐԹՎԵԼ Է
Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մինչեւ 2015 թվականը երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Sauerland Event» գերմանական պրոմոութերական ընկերության հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ա. Աբրահամն ասել էր, որ եթե «Sauerland Event»-ը համաձայնության չգա իր փաստաբանի հետ (տարաձայնությունը հոնորարների վերաբերյալ էր), ապա ինքը չի մենամարտի ո՛չ օգոստոսի 24-ին, ո՛չ էլ ավելի ուշ:
Բայց քանի որ տարաձայնությունները հարթվել են, սուպերմիջինքաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Աբրահամը ռինգ է վերադառնալու օգոստոսի 24-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Շվերինե քաղաքում: Աբրահամը մենամարտելու է 30-ամյա Վիլբեֆորս Շիհեփոյի հետ:
ՆՈՐ ՖԻԼՄ
Վերջին տարիներին Հայաստանում կինոինդուստրիան բավական ակտիվ է: «Sharm Pictures»-ը շուտով նոր ֆիլմ է ներկայացնելու, որի ստեղծման համար համագործակցության սահմաններն այս անգամ հասնելու են արեւելք. հանդիսատեսին ներկայացվելու է հայ-ղազախական համատեղ արտադրության արկածային նոր կինոնկար: Նկարահանումները մեկնարկել են հունիսի 29-ին եւ կավարտվեն օգոստոսի 5-ին: Ստեղծագործական եւ դերասանական կազմն այդ ընթացքում կհասցնի լինել Ղազախստանում, Հայաստանում եւ Արցախում, որտեղ էլ, ըստ սցենարի, ծավալվում են իրադարձությունները: Ֆիլմի ռեժիսորը Գոռ Կիրակոսյանն է, որը նկարահանել է նաեւ «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Տոմս դեպի Վեգաս», «Կորած-մոլորվածը Հայաստանում» ֆիլմերը:
ԿՎԱՃԱՌԻ 2 ՄԻԼԻՈՆՈՎ
Վերջերս մայր դարձած Քիմ Քարդաշյանը որոշել է վաճառել իր նորածին դստեր առաջին լուսանկարները: Քիմը նույնիսկ գին է սահմանել՝ 2 մլն դոլար: Նորաթուխ մայրիկը որոշել է լուսանկարների վաճառքից ստացված ամբողջ հասույթն օգտագործել բարեգործական նպատակներով:
ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՇԱՐ
Երեկ տեղի ունեցավ «Սասնա ծռեր» ջոկատի հրամանատար Սամվել Գրիգորյանի հիշատակին Հայաստանի պրակտիկ հրաձգության ֆեդերացիայի կազմակերպած հրաձգության մրցաշարի եզրափակից փուլը: Մասնակցում էին «Հայրենիքիս զինվորն եմ» երիտասարդական ճամբարի ներկայացուցիչ, Հայաստանից, Արցախից եւ սփյուռքից եկած 25 երիտասարդ: 100 հնարավորից 93 միավոր արդյունքով լավագույնը ճանաչվեց հայաստանցի Գեւորգ Բաղդասարյանը, 2-րդ տեղը 92 միավորով զբաղեցրեց Վահե Սմբատյանը՝ 91 միավոր, 3-րդ տեղը՝ ռուսաստանցի Միլենա Բազինյանը: Տեղեկացնենք նաեւ, որ ճամբարային հավաքների կազմակերպիչ զարգացման ծրագրերի հայկական կենտրոնը 1 ամիս շարունակ ուսումնական դասընթացներ էր անցկացրել երիտասարդների համար: