ՀԱՐՑ. Ես ցանկանում եմ օգտվել սոցփաթեթի ծառայություններից եւ կցանկանայի մի փոքր տեղեկանալ, թե ինչպիսի սոցիալական ծառայություններ է ընդգրկում փաթեթը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Սոցիալական ապահովության միջոցառումների իրականացման նպատակով աշխատակիցներին առաջարկվող սոցիալական փաթեթը ներառում է հետեւյալ ծառայությունները`
• առողջության ապահովագրություն,
• հիփոթեքային վարկի ամսական վճարի մարում,
• կրթության եւ գիտության նախարարության կողմից հաստատված ուսումնական ծրագրերով ուսման վճար,
• հանգստի կազմակերպում ՀՀ եւ ԼՂՀ տարածքներում:
Ընդ որում, առողջության ապահովագրության ծառայությունն աշխատողների համար կրում է պարտադիր, իսկ նրանց անմիջական ընտանիքի անդամների համար` կամավոր բնույթ: Հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման ծառայությունից կարող են օգտվել աշխատողը եւ նրա ամուսինը: Ուսման վճարից կարող են օգտվել աշխատողը եւ աշխատակցի անմիջական ընտանիքի անդամ(ներ)ը: Հանգստի ապահովման ծառայությունից կարող են օգտվել աշխատողները եւ նրանց անմիջական ընտանիքի անդամները:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Թեեւ սոցիալական փաթեթներն այդքան էլ չեն ողջունվում դրանցից օգտվողների կողմից, այդուհանդերձ, դա դրական նորամուծություն է, որը, կարծում ենք, տարիների ընթացքում էլ ավելի կկատարելագործվի` թե՛ առաջարկվող ծառայությունների, թե՛ դրանցից օգտվողների շրջանակի ընդլայնման առումով: