Մարտի 10-ին՝ ժամը 20:30-ի մատույցներում, Արարատի մարզի Արալեզ գյուղի 44-
ամյա բնակիչ Արտյոմ Ավետիսյանը մի խումբ ընկերների հետ ոչ սթափ վիճակում
ապօրինի մուտք է գործել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման
հիմնադրամի կողմից կառավարվող հատուկ պահպանվող տարածք՝ Կովկասյան
կենսաբազմազանության ապաստարան:
Ա.Ավետիսյանն այնուհետ անցել է առյուծների վանդակի շուրջ
տեղադրված կողպված արգելապատնեշը, մոտեցել ճաղավանդակներին և փորձել
«փաղաքշել» առյուծին, ինչի արդյունքում ստացել է ձեռքի և ուսի վնասվածքներ ու
տեղափոխվել հիվանդանոց, որտեղ և գտնվում է այժմ:
Ի պատասխան սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող խեղաթյուրված
և զրպարտական հայտարարությունների, տեղեկացնում ենք, որ Կովկասյան
կենսաբազմազանության ապաստարանը հիմնադրամին պատկանող մասնավոր
սեփականություն է: Ապաստարանի սահմանագծին տեղադրված են ապօրինի մուտքն
արգելող մի քանի ցուցանակներ:
Տեղեկացնում ենք նաև, որ հետևելով անվտանգության սահմանված չափանիշներին,
վանդակները, որտեղ ներկայում պահվում են առյուծները, ցանկապատված են դրանցից
3 մետր հեռավորության վրա գտնվող կողպված արգելապատնեշով, որի վրա նույնպես
մի քանի տեղերում փակցված են մուտքն արգելող ցուցանակներ:
Հայտնում ենք, որ քաղաքացիների մուտքը տարածք եղել է անօրինական և կարող է
պատժվել օրենքով սահմանված կարգով:
Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու առյուծները Վայրի բնության և
մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, ՀՀ
բնապահպանության նախարարության և Կենդանաբույժների համաշխարհային
ծառայության (ԿՀԾ) աջակցությամբ Կովկասյան կենսաբազմազանության
ապաստարանի վերականգնողական կենտրոն են տեղափոխվել փետրվարին:
Անհրաժեշտ կարանտինային շրջափուլն անցնելուց և փաստաթղթային
ձևակերպումներից հետո կենդանիները կտեղափոխվեն բրիտանական Peak Wildlife Park.
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում այժմ ընթացքի մեջ են Վայրի
բնության փրկարար կենտրոնի շինարարական աշխատանքները: Վայրի բնության
փրկարար կենտրոնի առաքելությունը կլինի Հայաստանում վայրի կենդանիների
մասնակցությամբ միջադեպերի կանոնակարգված մասնագիտական կառավարումը:
FPWC հիմնադրամը կոչ է անում լրագրողներին հավատարիմ մնալ լրագրողական
էթիկայի սկզբունքներին և զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից: