2016թ. փետրվարի 16-ին գրել էիք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիմումը, որով նա պահանջել էր հարցաքննել Սերժ Սարգսյանին: Հիշեցնենք, որ դիմումի համար հիմք է հանդիսացել «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ Ս. Սարգսյանն իրեն խոստովանել է, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպված է եղել: Այսինքն` Ս. Սարգսյանը 1999թ. հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության վերաբերյալ որոշակի տեղեկությունների է տիրապետում:
Ուստի իրավապաշտպանը չի բացառել, որ Ս. Սարգսյանի հարցաքննությունը կարող է օգնել, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչները 17 տարի անց բացահայտվեն: Իրավապաշտպանի դիմումից անցել է ավելի քան 20 աշխատանքային օր, բայց ՀՀ գլխավոր դատախազությունում դրա հետագա ընթացքի վերաբերյալ որոշում չի կայացվել: Պաշտոնապես դիմումը գտնվում է ուսումնասիրման փուլում: Հավանաբար այնքան «կուսումնասիրեն», մինչեւ հեղինակը եւ հանրությունը դրա մասին մոռանան: