Երեւանի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանին հաջողվել է պարզել ապօրինի շինության տիրոջ անունը:
“Ժառանգություն” խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խմբակցության ղեկավարը հուլիսի 2-ին հարցումով դիմել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանին հետեւյալ հարցով. Երեւանի Տիգրան Մեծի 67 հասցեում գտնվող Կրթության ազգային ինստիտուտի պատին կպած բանջարեղենի կրպակը վերջերս քանդվել է, տեղում շատ արագ տեմպերով հիմքեր են փորվել, ու ինչ-որ շինություն է կառուցվում: Տիկին Բախշյանը խնդրել էր տեղեկացնել, թե ով եւ ինչ է կառուցում տվյալ տարածքում:
Անահիտ Բախշյանի հարցմանը քաղաքապետը դեռեւս չի պատասխանել, սակայն տիկին Բախշյանին հաջողվել է իմանալ, որ ,Հասարակական օբյեկտիե կառուցմանը հետեւում է փոխգնդապետ Վահրամ Աբրահամյանը, ով ծառայում է ՀՀ ոստիկանությունում, օբյեկտը գրանցված է Կարինե Միրզոյանի անունով, իսկ շինթույլտվությունը տրամադրվել է 2013թ. մայիսի 22-ին:
Հավելենք, որ կառուցվող շինությունը փակել է Կրթության ազգային ինստիտուտի շենքի վթարային ելքը, 1-ին հարկի պատուհանները: Եթե կառույցը շարունակի վեր բարձրանալ, ապա լուսավորությունից կզրկվի նաեւ վերեւի հարկը: