ՀՀ կառավարությունը պարտավոր է հետ կանգնել Գազպրոմի հետ գործարքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ազատ դեմոկրատներ” կուսակցության լրատվական ծառայությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ընթանում են բանակցություններ “Գազպրոմի” ղեկավարության և ՀՀ Էներգետիկայի նախարարության միջև “Հայռուսգազարդ” ՓԲԸ-ում “Գազպրոմի” բաժնեմասը 100 տոկոսի հասցնելու հնարավորության շուրջ` Ազատ դեմոկրատներ կուսակցությունը գտնում է, որ ՀՀ կառավարությունը պարտավոր է հետ կանգնել ՀՀ-ի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող այդ ռեսուրսի վաճառքից, թեկուզ միայն այն պարզ պատճառով, որ զրկվելով բաժնեմասից, ՀՀ-ն նաև զրկվում է Հայռուսգազարդի բաժնետոմսերի հետագա վաճառքի ժամանակ նախապատվության իրավունքից` համաձայն “Բաժնետիրական ընկերությունների մասին” ՀՀ օրենքի 8.3 հոդվածի։ 
Բաժնեմաս ունենալու իրավունքը հայկական կողմին հնարավորություն է ընձեռում կանխել ընկերության բաժնետոմսերի վաճառքը ՀՀ-ի համար անցանկալի գնորդին: 
Մենք համոզված ենք, որ այդ գործարքը ընդամենը կարճաժամկետ խնդիրներ է լուծելու և վտանգից բացի, որևէ նպաստ չի բերելու ՀՀ–ին, ավելին` այս կերպ մենք մաս-մաս զիջում ենք մեր պետության կարևոր ռազմավարական օբյեկտները։ 
Թեև այսօր ՀՀ կառավարության կողմից փորձ է արվում այս բանակցությունները ներկայացնել որպես զուտ տնտեսական գործարք, սակայն ակնհայտ է, որ դա հարցը քողարկելու նպատակ ունի, և այստեղ ավելի շատ վտանգվում է ՀՀ` առանց այն էլ խնդրահարույց էներգետիկ անվտանգությունը։ 
Ազատ դեմոկրատները համոզված են, որ պետք է օր առաջ հրաժարվել պետությանը որևէ օգուտ չբերող բանակցություններից և տնտեսական խնդիրները լուծելու համար այլ ուղիներ փնտրել”։




Լրահոս