Թուրքիայի իշխանություններն օրեր առաջ նախազգուշացում էին ստացել երկրում նախապատրաստվող հարձակման մասին: Տեղեկությունը տրամադրել էր Անկարայում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը, գրում են ռուսական ԶԼՄ-ները:
Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտարարել է, որ Անկարայում մարտի 13-ին տեղի ունեցած ահաբեկչության հետաքննությունը կավարտվի այսօր՝ մարտի 14-ին: Նրա խոսքով՝ կհայտարարվեն ահաբեկչության կազմակերպիչների անունները:
Մարտի 13-ին Անկարայի գլխավոր փողոցներից մեկում ահաբեկչություն էր տեղի ունեցել: Նախնական տվյալների համաձայն՝ ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբը գործի էր դրվել ավտոբուսի կանգառի մոտ: Ահաբեկչության արդյունքում 34 մարդ է զոհվել: «Հիվանդանոցներում 125 մարդ է գտնվում, նրանցից 19-ի վիճակը ծանր է»,-ՏԱՍՍ-ը մեջբերում է երկրի առողջապահության նախարար Մեհմեդ Մուեզինօղլուի խոսքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ երկիրը թիրախ է դարձել ահաբեկիչների համար: Նրա խոսքով՝ Թուրքիան չի հրաժարվի ինքնապաշտպանության իր իրավունքից և չի դադարեցնի ահաբեկչության դեմ պայքարը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան